«Այսօր 641 բալիկի հանձնվելու են նվերներ»․ ԿԳՄՍ-ի մերժումից հետո Անաիս Սարդարյանի երկրորդ կազմակերպած միջոցառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանվածներին ամիսներ շարունակ օգնություն տրամադրող դերասանուհի Անաիս Սարդարյանը Ամանորին ընդառաջ դիմել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ զոհված զինծառայողների երեխաների համար միջոցառում կազմակերպելու համար տարածք տրամադրելու պահանջով, սակայն մերժում է ստացել։

«Անկիրթ, 8 տառասխալով Կրթության, գիտության նախարարության ոճի մեջ մերժում ուղարկեցին, որ մենք ընդհանրապես գործ չունենք ոչ մի թատրոնների գործիքակազմի հետ, դիմեք իրենց տնօրինությանը։ Մի խոսքով լիքը տառասխալներով, որտեղ Ամանորը օ-ով է գրված»,-մեզ հետ զրույցում պատմում է Անաիս Սարդարյանը։

Ի վերջո Արամ Խաչատրյանի համերգասրահի տնօրինությունը տարածքը տրամադրել է գումարով։

«Եթե չեմ սխալվում 1 մլն 200 հազարից ավելի է կազմել վարձակալության գումարը։ Այդ գումարը վճարվել է մի քանի մարդկանց կողմից։ Հարցը դրա մեջ չէր, բայց կարծում եմ այդ 1 մլն 200 հազարը իրենց ողջ կյանքի ընթացքում կհիշեն, որ իրենք զոհված հերոսների երեխաների միջոցառման համար գումար են վերցրել, որով կարող էինք ավելի շատ բոթաս, ավելի շատ հագուստ, ավելի շատ նվեր գնել»,-ասում է Անաիսը։

Այսօր՝ հունվարի 12-ին միջոցառումը կրկին տեղի կունենա Հակոբ Պարոնյան թատրոնում, որտեղ դահլիճը անվճար է տրամադրված նրանց։

«Այսօրվա միջոցառումը փայլուն ներկայացման շրջանակներում է, մոտավորապես ներկայացման ամբողջ ծախսը կազմում է 5 մլն դրամ։ Տոմսերը ամբողջությամբ մեզ նվիրեցին»,-ասաց նա։

Անաիս Սարդարյանի խոսքով՝ այսօր 641 բալիկի հանձնվելու են նվերներ։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս