Դատապարտյալը «Մաշկաբանության ազգային կենտրոն»-ից փախել է . «Արմավիր» -ի բանտի պաշտոնյաները դատվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կառլեն Արշակյանին, Սարգիս Ստեփանի Հովսեփյանին, Գագիկ Ցոլակի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2022 թվականի դեկտեմբերի 03-ին զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ և ի պաշտոնե պարտավոր լինելով հսկողություն իրականացնել նույն հիմնարկի դատապարտյալ Գասպար Արամի Պողոսյանի կողմից փախուստ կատարելու միջոցով քրեական հետապնդումից և պատժի կրումից խուսափելու հնարավորությունները բացառելու ուղղությամբ. Երևան քաղաքի Ֆուչիկի 32 հասցեում գտնվող ՀՀ ԱՆ «Մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերությունում նշանակված պահակետում ծառայություն իրականացնելիս, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով պատշաճ կարգով չի կատարել ՀՀ արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրամանով և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի 23.09.2014 թվականի N Ե40/7- 2820 ցուցումով նախատեսված պարտականությունները, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Ասել է, թե նրանց անփութության պատճառով դատապարտյալը փախել է, որին ավելի ուշ գտել են: Գործով օրերս նախաքննության ավարտ է հայտարարվել եւ այն ուղարկվել է դատարան:

Սա 2022 թվականին ՔԿՀ-ից փախուստի երկրորդ դեպքն էր։ Առաջինի դեպքում ՝ «Աբովյան» ՔԿ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալը սահմանված ժամկետում չէր ներկայացել ՔԿՀ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դատապարտյալը հայտնաբերվել և տեղափոխվել էր «Աբովյան» ՔԿՀ։ Փախուստի դեպքով հարուցված քրեական գործը կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով և որևէ անձ պատասխանատվության չէր ենթարկվել։

2021 թ-ին նույնպես արձանագրվել էր փախուստի 2 դեպք։

Հատկանշական է, որ 2 դեպքում էլ փախուստի դիմած անձինք հայտնաբերվել են նույն օրը։ Առաջինի դեպքում «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձը փախուստի էր դիմել Վաղարշապատի բժշկական կենտրոնից և հայտնաբերվել էր նույն օրը։ Այս դեպքի առիթով նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի 3 ծառայողների նկատմամբ պաշտոնեական անփութություն կատարելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որը ներկայումս գտնվում է դատաքննության փուլում։ Երկրորդի դեպքում «Արթիկ» ՔԿ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալն էր դիմել փախուստի։

Այս դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ 2020 թ-ի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից կատարված փախուստի կամ փախուստի փորձի դեպքեր չեն արձանագրվել։

Քնար Մանուկյան




Լրահոս