2023 թվականի նոյեմբերի 27-ին ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի մեղադրանքի գործը ուղարկվել էր դատարան եւ այն պետք է քննվի Գորիսի նստավայրում, սակայն անցել է շուրջ 2 ամիս, սակայն ՊԲ նախկին հրամանատարի գործով նիստերը չեն կայանում: Այսօր էլ նիստը չի կայացել առատ ձյան պատճառով, քանի որ Գորիս հասնելն է խնդիր դարձել բոլոր կողմերի համար:
Նշենք, որ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման եւ պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով եւ զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ եւ կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Քնար Մանուկյան