Հայաստանում դիվանագիտական աշխատանքի մասին պատկերացումները, կարծես թե, այդպես էլ չեն ամբողջանում: Հայաստանից դուրս մեր երկրի իմիջի ու շահերի դիրքերից հանդես գալու լիազորություն ու պարտականություն ունեցող պաշտոնյաների մեծ մասը թերևս չեն գիտակցում իրենց աշխատանքի կարևորությունն ու լրջությունը:
Սրա պատճառներից գլխավորն այն է, որ ՀՀ դեսպանների գերակշիռ մեծամասնությունը դիվանագիտական կրթություն չունի: Դիվանագետ ասելով մեր երկրում հասկանում են դեսպաններ ՝ այս կամ այն երկրում նշանակված, որոնք հիմնականում զբաղված են ոչ թե դիվանգիտական աշխատանքով, այլ Հայաստանից մեկնած պաշտոնյաներին ուղեկցելով: Իսկ որոշ դեպքերում պաշտոնյաների կանաց տարբեր խանութներ տանելով և գնումների հարցում նրանց օգնելով: Կամ էլ մեծ արագությամբ լուսանկարվում են օտարերկրյա պաշտոնյաների հետ ու տարածում դրանք ՝ պատրանք ստեղծելով, թե աշխատում են:
Մինչդեռ դիվանագիտությունը բավականին լուրջ մասնագիտություն է, որը մեր օրերում արժեզրկված է այնպես, ինչպես բազում այլ երևույթներ: Օրինակները բազմաթիվ են, բայց վերցնենք ամենավերջինը.
Ուկրաինայում իրադարձությունները խճճված են, ճգնաժամ է հասունացել այդ երկրում, սակայն ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանն այս օրերին պարզապես Ուկրաինայում չէ: Նա հայ համայնքին թողել է մի կողմ ՝ իրենց խնդիրներով և զբաղվում է իր բիզնեսով: Մանուկյանը, ինչպես գրել էր «Հրապարակը», շաբաթ օրը Սերժ Սարգսյանի կողմից բացված «Մեգա Մեդ» բժշկական գործարանի 35 տոկոսի սեփականատերն է:
Ընդ որում, սա ոչ առաջին ոչ էլ ՝ ցավոք վերջին դեպքն է, որ հայ դիվանագետը իր գործունեությունը բարեխղճորեն չի կատարում: Բայց ո՞վ նրա ժամանակն ունի. «երկրի գլուխը խառն է»:
Անդրանիկ Մանուկյանը ՝ դիվանագիտական աշխատանքի ընթացքում