Տավուշում քննարկվել են ավարտական դասարանների քննությունների վերաբերյալ մի շարք հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և ուսումնական գծով տեղակալների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 9–րդ դասարանի ավարտական քննությունների գործընթացին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ նշվել է, որ «Գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական առարկաների քննությունները կիրականացվեն պետական նոր չափորոշչի տրամաբանությանը և բովանդակությանը համապատասխան:

«Նախագծային ուսուցումը զարգացնում է երեխաների քննադատական մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և վերլուծական միտքը: Չենք կարող անտեսել ուսումնական գործընթացի կազմակերպման այս կարևոր ձևը, և այն պարտադիր ներառվելու է քննական գործընթացում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով նախագծային աշխատանքում տարբեր առարկաների համադրման հանգամանքը:

Փոխնախարարն անդրադարձել է նաև 4-րդ դասարանի ավարտին սովորողների՝ մեկ միասնական թեստով ուսումնառության վերջնարդյունքների ստուգմանը: 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների վերաբերյալ նշվել է, որ դրանք կանցկացվեն պետական նոր չափորոշչի բովանդակությանը համապատասխան թեստերով:

Բացի հունվար և հունիս ամիսներին անցկացվող միասնական քննություններից՝ սովորողների համար փորձարարական միասնական քննություն կանցկացվի նաև հուլիս ամսին՝ լրացուցիչ քննությունների համար սահմանված ժամկետում: Միասնական և փորձարարական-միասնական քննություններից շրջանավարտի ստացած ամենաբարձր միավորը համարվում է վերջնական:

Հանդիպմանը նաև հնչել են տարբեր հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:




Լրահոս