ԹԱՏՐՈՆԻ ՄՈՒՏՔԸ ՓԱԿ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գոյ» թատրոնի ռեժիսորներն ու դերասանները ապրիլի 2-ին բողոքի ակցիա էին կազմակերպել թատրոնի մոտ, քանի որ ցանկացել են թատրոն մտնել «Գոյ»-ի գլխավոր մուտքից ու պարզել, որ այն փակ է:

 

Ստեղծագործողները մտել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որին ՀՀ կառավարության որոշմամբ միացվել է «Գոյ»-ը՝  հասկանալու, թե ինչու է «Գոյ»-ի մուտքը փակ:

Այնտեղ նրանց հանդիպեց ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Հրաչ Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ ներս մտնելու համար «Գոյ» թատրոնի ներկայացուցիչները պետք է անվտանգության համակարգում իրենց տվյալները լրացնեն, ինչից հետո կունենան քարտեր, որոնց օգնությամբ կարող են մտնել թատրոն: «Բնական է, որ նրանք հիմա չունեն քարտեր, քանի որ դրանք պետք է պատվիրվեն: Սունդուկյան թատրոն բոլորը էլեկտրոնային քարտով կամ չիպով են ներս մտնում»,-շեշտեց Ներսիսյանը:

«Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանն էլ շեշտեց, որ աշխատանքային պայմանագիր կնքել է «Գոյ» թատրոնի հետ եւ մինչեւ 2024 թվականի ապրիլի 22-ը չի համարվում Սունդուկյանի անվան թատրոնի աշխատակից:

«Գոյ»-ի դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանն էլ հիշեցրեց՝ իրենց ծանուցել են, որ պետք է գան ու թարմացված պայմանագիր ստորագրեն  մինչեւ ապրիլի 22-ը: «Կան մարդիկ, որ մինչեւ ապրիլի 22-ը իրավունք ունեն մտածելու, հետո այդ թարմացված պայմանագիրը ստորագրելու, կամ ոչ: Քանի որ մենք ունենք մինչեւ ապրիլի 8-ը, ապրիլի 15-ը եւ ապրիլի 22-ը ժամանակ, ըստ ծանուցման ամսաթվի,  մենք պահանջում ենք, որ «Գոյ»-ի մուտքը բաց լինի, եւ մինչեւ հին պայմանագրի լրանալը մեր աշխատանքային տարածք մտնենք «Գոյ»-ի մուտքով: Երբ լրանա ժամկետը, կմտածենք՝ թարմացնել այն, թե ոչ»,-ասաց դերասանը:

Հրաչ Ներսիսյանն էլ ընդգծեց, որ 2024 թվականի հունվարի 30-ից, ՀՀ կառավարության որոշման համաձայն, «Գոյ» թատրոնը միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին, ուստի բոլորը պետք է Սունդուկյանի անվան թատրոնի ծառայողական մուտքով ներս մտնեն:

«Գոյ»-ի ներկայացուցիչներից մի քանիսը լրագրողների ուղեկցությամբ մտան «Գոյ» թատրոնի տարածք, որտեղ «Գոյ»-ի ռեժիսոր Սարգիս Արզումանյանն ասաց՝ հույս ունի, որ մի օր թատրոնում կրկին հանդիսատես կլինի:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ, ՀՀ կառավարության որոշմամբ, նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:

2024 թվականի հունվարի 30-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք առաջարկում են իրենց հնարավորություն տալ գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն, սակայն «Գոյ»-ի բեմում:

 

 

ԿԴԱՌՆԱՐ 100 ՏԱՐԵԿԱՆ

Ստանիսլավսկու դերասանական խաղաոճի զարգացման եւ տարածման հիմնասյուն, ամերիկացի դերասան, կինոռեժիսոր եւ հասարակական ակտիվիստ Մառլոն Բրանդոն այսօր կդառնա 100 տարեկան:

 

Աշխարհահռչակ դերասանը ֆիլմաշխարհի ամենահայտնի կերպարներից է, ում հռչակ են բերել հատկապես Թերի Մալոյի կերպարը «Նավահանգստում» ֆիլմից (1954 թվական) եւ Վիտո Կոռլեոնեի կերպարը՝ «Կնքահայրը» ֆիլմից (1972 թվական):

Վերոնշյալ դերերի համար դերասանն արժանացել է «Օսկար» մրցանակի: Բացի այդ, դերասանին մեծ համբավ են բերել նաեւ 1951 թվականին նկարահանված «Ցանկություն. տրամվայը» ֆիլմում Սթենլի Կովալսկիին մարմնավորած իր դերը, ինչպես նաեւ «Վիվա Սապատա», «Հուլիոս Կեսար» եւ «Վայրենին» ֆիլմերում իր մարմնավորած կերպարները։ Իր հաջողության գագաթնակետին Մառլոն Բրանդոն խաղացել է «Արտացոլումներ ոսկե աչքում», «Վերջին տանգոն Փարիզում» եւ «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմերում:

Դերասանը, բացի հիանալի դերակատարումներից, հայտնի է նաեւ հասարակական գործունեությամբ, հատկապես՝ սեւամորթների իրավունքների համար պայքարում իր մասնակցությամբ, ինչպես նաեւ հանուն տեղացի հնդկացիների իրավունքների պայքարով, որի համար հրաժարվել է 1973 թվականին իրեն շնորհված «Օսկար» մրցանակաբաշխության արձանիկից:

Մառլոն Բրանդոն ութ անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի, որից երկուսը շահել է, եւ վեց անգամ ներկայացվել է «Ոսկե գլաբուս»-ի, որը կրկին հաղթել է երկու անգամ:

1999 թվականին Սմերիկյան կինոակադեմիան հրապարակել է  բոլոր ժամանակների ամերիկյան ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկ, որում հայտնի «Կնքահայրը» ֆիլմի դերանասը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, ինչպես նաեւ նույն տարվա ընթացքում ընդգրկվել է դարի 100 ամենակարեւոր մարդկանց ցուցակում, որում ներառված էին նաեւ դերասաններ Չարլի Չապլինն ու Մերլին Մոնրոն:

Բրանդոն խաղացել է ավելի քան 40 ֆիլմերում, ինչպես նաեւ անձամբ հեղինակել «Կնքահայրը» ֆիլմում իր մարմնավորած կերպարը՝ Վիտո Կոռլեոնեին:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

 

ԿԱԶՄԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Երեւանում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մասնակից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ընտրանիների կազմերը հայտնի են:

«Գազպրոմ Արենա»-ում մեկնարկող մրցաշարի Մարզական սամբոյի թիմում են 58 կգ քաշային կարգում Կարեն Սարգսյանը, Տիգրան Կիրակոսյանը, 64 կգ՝ Նարեկ Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանը, 71 կգ՝ Դավիթ Աբրահամյանը, Կառլեն Մահինյանը, 79 կգ՝ Բորիս Շատվերյանը,  Արթուր Ակոպյանը, 88 կգ՝ Վահագն Չալյանը,  Գոռ Հարությունյանը, 98 կգ՝ Արսեն Խանջյանը,  Արման Եսայանը, +98 կգ՝ Արման Մանուկյանը,  Դավիթ Հարությունյանը: Կանանց թիմում հանդես կգան 50 կգ քաշային կարգում Արփինե Ամիրյանն ու  Աննա Այվազյանը,  54 կգ՝ Մելինե Մամիկոնյանը, Անի Մարտիրոսյանը, 65 կգ՝ Նանե Հակոբյանը, +80 կգ՝ Նելլի Ավետիսյանն ու Աննա Մկրտչյանը:

Մարտական սամբոյի թիմում հանդես կգան 58 կգ քաշային կարգում Համլետ Սուքիասյանը,  Նարեկ Գոգինյանը, 64 կգ՝ Մայիս Ներսեսյանն ու Սուրեն Թամրազյանը, 71 կգ՝ Վաչիկ Վարդանյանը,  Վազգեն Մարգարյանը, 79 կգ՝ Ալբերտ Կարհանյանը, Սարգիս Վարդանյանը, 88 կգ՝ Ավետիք Պողոսյանը, 98 կգ՝ Արման Ավանեսյանը,  Ժորա Թումանյանը, +98 կգ՝ Էրիկ-Գոռ Համզոյանը, Նորիկ Խուրշուդյանը: Կանանց թիմում հանդես կգան 54 կգ քաշային կարգում Արփինե Մնացականյանն ու  Իրինա Պետրոսյանը, 59 կգ՝ Սրբուհի Հովակիմյանը, 80 կգ՝ Ագապի Հարությունյանը:

Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված մեր հայրենակիցներից  թիմում կլինեն 58 կգ Դավիթ Հովսեփյանը, 64 կգ՝ Յուրի Ահարոնյանը, 88 կգ՝ Դավիթ Գրիգորյանը, 71 կգ՝ Վասակ Բարսեղյանը:

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը այսուհետ կանցկացվի Երեւանում, կկայանա ապրիլի 4-5-ը «Գազպրոմ Արենա»-ում: Մուտքն ազատ է:

 

 

 

 

ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՎ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Էմպոլի»-ին:

Միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել «Էմպոլի»-ի նկատմամբ երկու գնդակի առավելությամբ: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկն եւ Ալեքսիս Սանչեսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո էլ «Ինտեր»-ը շարունակում է մնալ Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարը: Թիմն ունի 79 միավոր: Երկրորդ տեղում գտնվող «Միլան»-ը հավաքել է 65 միավոր:




Լրահոս