Խմելու ջուրը գնում են 300 դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ  Թլիկ համայնքի բնակիչներն արդեն չորս տարի է՝ ջուրը գնում են: Նրանք 40 լիտր ջրի համար վճարում են 300 դրամ: Այս և այլ խնդիրների մասին Armlur.am-ը զրուցեց Թլիկ համայնքի ղեկավար Ֆայզո Մատոյանի հետ:

-Թլիկը քանի՞ բնակիչ ունի:

-20 ընտանիք՝ 160 բնակիչ:

-Մի՞շտ է այդքան քիչ եղել ընտանիքների թիվը:

-Չէ, նախկինում՝ մի քանի տարի առաջ, 80 ընտանիք կար գյուղում:

-Ինչի՞ պատճառով են մարդիկ հեռանում գյուղից:

-Ջուր չունենալը: Ո՛չ ոռոգման ջուր ունենք, ո՛չ էլ՝ խմելու:

-Բա ինչպե՞ս եք ապրում:

-Դե, խմելու ջուրը Արագածավանից  ցիստեռով բերում են, գնում ենք: 40 լիտրը՝ 300 դրամ: Ամեն 5 կամ 6 օրը մեկ բերում են, մենք էլ գնում ենք:

-Գոնե կարողանո՞ւմ են ամեն շաբաթ ջուր գնել:

-Դե, խմելու համար առանձնացնում են: Բայց անասունների համար Ախուրյան գետի վրա մենք պոմպ ենք դրել և դրանով հանում ենք:

-Ջրի հարցով ո՞ր կառույցին եք դիմել:

-Դիմել ենք ամեն տեղ: Հիմա խոսակցություններ կան, որ հնարավոր է առաջիկայում խորքային հոր փորենք: Տեսնենք:

-Քանի՞ տարի է, ինչ ջուրը գնում եք:

-Չորս տարի է: Իսկ նախկինում Ախուրյան գետից էինք բերում ու խմում, որը որ մաքուր չէր:

-Ինչո՞վ են զբաղվում, եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:

-Անասնապահությամբ, բայց ավելի շատ ոչխար են պահում, որի կաթն էլ վաճառում են: Արտագնա աշխատող էլ չունենք: Գյուղում միայն ծերեր են մնացել, իրենք էլ ուր գնան:

-Ջրի պատճառով նաև հողագործությամբ չեք զբաղվում, այո՞:

-Անջրդի են լրիվ տարածքները: Անձրևի հույսին ենք:

-Ցորեն, գարի էլ չեք ցանո՞ւմ:

-Եթե անձրև եղավ՝ բերք կստանանք, եթե ոչ՝ չենք ստանա: Ցանում ենք ու Աստված կանչում: Ինչ եղավ, եղավ…

-Անցյալ տարի Ձեզ լսե՞ց Աստված, բերք ունեցա՞ք:

-Անցյալ տարի լավ էր, բերք ստացանք: Անձրև եկավ: Ի՞նչ անենք: Ուրիշ ճար չկա:

-Իսկ Դուք չե՞ք ուզում գնալ:

-Չէ, ես էլ եմ արդեն ծեր, ո՞ւր գնամ:

-Իսկ այս հարցով ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, Արագածոտնի մարզպետարան դիմե՞լ եք:

-Դիմել ենք, դիմել: Պատասխանել են, որ անջրդի են այստեղի հողերը: Հնարավորություն չկա ջուր քաշելու:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս