ԱՐՎԱԾ ԳՈՐԾԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՆՈՐ ԱՆԵԼԻՔՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի ապահովման եւ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է»:

 

Այս մասին երեկ հայտարարել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության օրվա առթիվ տարածած իր ուղերձում: «Պետության դիմագծի՝ Ներքին գործերի նախարարությանն առնչվող պատասխանատու ծավալում միանշանակ կարող ենք արձանագրել էական բարեփոխումներ։ Եվ սա միայն մեր գնահատականը չէ. սա հանրության անկախ կարծիքի, միջազգային գործընկերների փորձագիտական կարծիքի վրա հիմնված մոտեցում է։ Սա ՀՀ Վարչապետի, Կառավարության բարձր հովանու, միջազգային գործընկերների կայուն աջակցության, ամենօրյա սերտ համագործակցության, հանրության վստահության, ինչպես նաեւ բարեփոխումների իրականացման հարցում ներքին գործերի նախարարության կամքի, վճռականության եւ ամենօրյա սրտացավ աշխատանքի արդյունքն է։ Նախարարությունում այսօր ծավալուն բարեփոխումներ են իրականացվում: Նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված, տեխնիկապես հագեցած եւ բարեվարք ոստիկանության ձեւավորումն է: Նպատակը ծառայում է հանուն մարդու իրավունքների բարձր պաշտպանության, հանուն հանրային անվտանգության, հանուն Հայաստանում ժողովրդավարական հասարակարգի ինստիտուտների զարգացվածության ավելի բարձր նշաձողի։ Պարեկային ծառայության ստեղծումը այդ նպատակին հասնելու առաջին քայլն էր, որի շրջանակներում ոստիկանության փորձառու ծառայողները եւ քաղաքացիական անձինք համախմբվել են՝ նոր որակով ապահովելու ծառայությունը օրենքին, իրավակարգին եւ մեր հանրությանը։ Այսօր արդեն ծառայությունը գործում է ամբողջ հանրապետությունում։ Խորհրդանշական այս օրն ավարտվել է նաեւ Ոստիկանության հենասյունային ուղղություններից մյուսի՝ Քրեական ոստիկանության ձեւավորման համար անցկացվող ընդունելության փուլերից վերջինը՝ հարցազրույցների փուլը, որի արդյունքներով քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք, գործող ոստիկանները կստանան նոր որակի կրթություն, եւ դրա արդյունքներով միայն կնշանակվեն համապատասխան պաշտոնների։ Զուգահեռաբար նախապատրաստական աշխատանքներ են տարվում ոստիկանության հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանության եւ Ոստիկանության գվարդիայի ձեւավորման ուղղությամբ, որի արդյունքները երկար սպասեցնել չեն տա։ Կառավարությունը ջանք չի խնայել նաեւ ոստիկանության համակարգի սոցիալական երաշխիքների բարելավման ուղղությամբ։ Արդեն իսկ գործում է ատեստավորման համակարգը, որը մի կողմից բարձրացնում է աշխատողի սոցիալական երաշխիքը, կրկնապատկում աշխատավարձը, մյուս կողմից համակարգը տանում է ինքնաճանաչման ճանապարհով, վեր հանում գիտելիքի, հմտության առկա բացերը, բարեվարքության հնարավոր խնդիրները։ Ջանք չենք խնայում եւ չենք խնայելու նաեւ համակարգում կանանց ավելի մեծ ներկայացվածության համար, քանի որ կանանց ներկայությունն ապահովում է աշխատանքում նոր որակ, կարգապահության նոր մակարդակ, խնդիրների լուծման նոր մոտեցում։ Հարգելի՛ ծառայողներ, ինչ խոսք, քայլերի այս շարքը կարելի է շարունակել, բայց պահպանելով զգոնությունը, չկորցնելով դրական փոփոխությունների համատեքստում մեր վերջնական նպատակին հասնելու ճանապարհը՝ ինքներս մեզ համար արձանագրում ենք, որ արված գործերի կողքին դեռեւս շատ անելիքներ, անընդհատ կատարելագործվելու կարիք ունենք, եւ այդ ուղղությամբ ամենօրյա ռեժիմով գործողություններ են իրականացվում: Եվս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել, որ անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցիոն որեւէ դրսեւորման, ինչպես նաեւ ցանկացած տեսակի բռնության հանդեպ։ Հարգելի՛ ոստիկաններ, Համոզված եմ, որ բարեփոխումների ընդգրկուն գործընթացների արդյունքում, բոլորիս ներդրած ջանքերի եւ սրտացավության շնորհիվ, ունենալու ենք այն Ոստիկանությունը, որն ի զորու կլինի լիարժեք կատարելու իրեն առաջադրված բոլոր խնդիրները: Հարյուրամյա պատմության ընթացքում այդ նպատակի իրականացմանն են իրենց անմնացորդ ծառայությունը բերել հազարավոր ոստիկաններ: Այդ նպատակի համար են մեր երկրի սահմանների պաշտպանության մարտերում ու ծառայողական պարտքը կատարելիս իրենց կյանքը զոհել հարյուրավոր ոստիկաններ: Հավերժ փառք ու խոնարհում նրանց պայծառ հիշատակին: Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Շնորհավորում եմ մեր սիրելի թոշակառուներին եւ մաղթում երկար ու անխռով տարիներ: Շնորհավորում եմ ոստիկանական ընտանիքներին, որոնք ոստիկանի աշխատանքի բարդությունն ու ծանրությունը զգացող առաջնային օղակն են: Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում նաեւ մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ Եղե՛ք ձեր կոչմանն արժանի եւ հավատարիմ։ Արժանապատիվ եւ անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ»,- ասված է ուղերձում:

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ԱՅՍՕՐ ԿՊԱՅԹԵՑՎԻ ՊՆ ՆԱԽԿԻՆ ՇԵՆՔԸ

Երեկ՝ առավոտից, մամուլում լուրեր էին տարածվում, որ Երեւան-Աշտարակ ճանապարհին գտնվող պաշտպանության նախարարության նախին շենքում տեւական ժամանակ է՝ քանդման աշխատանքներ են իրականացվում:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ դրանք նախապատրաստական աշխատանքներ են, եւ որ այսօր՝ առավոտյան ժամը 11-ին, պաշտպանության նախարարության նախկին շենքը պայթեցվելու է։

Մինչ այս հայտնի էր, որ նախորդ տարի շենքի բնակիչներին վտարելուց եւ տարածքը ՊԵԿ-ին փոխանցելուց հետո, կառավարությունը նշված հատվածում լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ է պատրաստվում իրականացնել։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխանության տեղափոխումների ծրագրում է նաեւ ՊԵԿ-ը եւ նրան ենթակա բոլոր կառույցները տեղափոխել այդ տարածքում ապագայում կառուցվելիք շինություն։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԲԵՐԴ ՔԱՂԱՔՈՒՄ 2 ԲԱՆԿՈՄԱՏ ԵՆ ԹԱԼԱՆԵԼ

Ապրիլի լույս 15-ի գիշերը  Բերդ քաղաքի կենտրոնական՝ Մաշտոցի փողոցում գողացել են 2 բանկոմատների պարունակությունը։ Բերդի բնակիչների ասելով՝ բանկոմատներից մեկում եղել է 900 հազար դրամ։

Այս գողությունները ուշագրավ են այն առումով, որ Մաշտոցի փողոցում միշտ ակտիվ երթեւեկություն է։

 

 

 

ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵԼ Է

Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ունենալով ամբաստանյալի  դատավարական կարգավիճակ, 2022թ. մարտի 4-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ որպես  խափանման միջոց  անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշումը նախագահող դատավոր Սամվել Մարդանյանի կողմից հրապարակելուց՝ այն է՝ միջնորդությունը  մերժելուց հետո, իր պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելու նպատակով նրա հասցեին հնչեցրել է վիրավորական արտահայտություն, այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորել դատարանի նկատմամբ։ Սարգիս Մարգարյանին եւ  Արկադի Յամուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2022թ. մարտի 4-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում քննվող  քրեական գործով  Հ. Մանուչարյանի նկատմամբ կիրառված  խափանման միջոց կալանավորումը  անձնական երաշխավորությամբ  փոխարինելու  վերաբերյալ միջնորդությունը  նախագահող դատավոր Ս. Մարդանյանի կողմից մերժվելուց հետո իր պաշտոնեական լիազորությունների իրականացման  առնչությամբ դատավոր Ս. Մարդանյանին վիրավորելու նպատակով նրա հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորել դատարանի նկատմամբ։ Ս. Մարգարյանը նախկինում Բերդ համայնքի ավագանու անդամ էր, այժմ Պառավաքար գյուղի  վարչական ղեկավարն է, Ա. Յամուկյանը՝  Այգեպարի վարչական ղեկավարը։ 2024թ. մարտի 12-ի դատական նիստում դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել է  Հ Մանուչարյանի, Ս. Մարգարյանի, Ա. Յամուկյանի նկատմամբ 2023թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական oրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել եւ գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, նրանց նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել։ Դատարանի  որոշումը մտել է օրինական ուժի մեջ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս