Ւնչպես արդեն հայտնի է, մարտի 22-ին «Նախախորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանը ներկա էր և ելույթով հանդես եկավ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին:
Armlur.am լրատվականի թղթակիցը Սէֆիլյանից փորձեց պարզել` ինչու էին «Ժառանգությունն» ու ՀՅԴ անդամները դեմ նրա մասնակցությանը հանրահավաքին:
Պրն. Սէֆիլյանն ասաց, որ իր համար այդ ամենն անսպասելի չէ, քանի որ առաջին անգամ չէ, որ նման բան է տեղի ունենում: «Համենայն դեպս, ինձ համար տարօրինակ չէ դա»,- ասաց Սէֆիլյանը` հավելելով, որ ինքը չի փորձել պարզաբանում ստանալ իրեն դեմ եղող կուսակցության անդամներից, քանի որ իր համար ամեն ինչ պարզ է:
«Նախախորհրդարանի» անդամը չմանրամասնեց` ինչն է ՀՅԴ-ի և «Ժառանգության» նման կեցվածքի պատճառը, միայն ասաց, որ «Դեմ եմ»-ի անդամները վստահ են, որ Սէֆիլյանն իր ելույթներով օգնում է շարժմանը:
Սէֆիլյանը հույս ունի, որ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ու նրանց կողքին կանգնած երիտասարդները պետք է մի օր քաղաքական բեռի տակ մտնեն:
«Բայց երիտասարդները չեն ցանկանում շարժումը քաղաքականացնել»,-հակադարձեց Armlur.am-ի թղթակիցը:
«Իրենք արդեն զբաղվում են քաղաքականությամբ: Իրենք գիտեն այդ մասին, սակայն այժմ դրված է մի խնդիր: Ես վստահ եմ, որ շարժման ինտելեկտուալ երիտասարդների մեծ մասը կենսաթոշակային այս խնդիրը լուծելուց հետո անցնելու է գլխավոր խնդրին` տեր կանգնել մեր երկրի ինքնիշխանության խնդրին:
Սոնա Դավթյան