«ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԱԼԻԵՎԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր է, ինչ Տավուշում մարդիկ ոտքի են կանգնել՝ թույլ չտալու ապրիլի 19-ին ձեռքբերված համաձայնության իրականացումը. համաձայնություն, ըստ որի՝ Տավուշի մարզի մի շարք գյուղեր հանձնվում են Ադրբեջանին։

Այսօր անհնազանդության ակցիաներ են իրականացվում արդեն Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերում. փակ են մի շարք մայրուղիներ եւ մայրաքաղաք Երեւանում։
Այս խնդիրների մասին «Ժողովուրդ» օրաթերթը, ակցիայի ընթացքում, զրուցել է «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանի հետ։
-Տիկի՛ն Դիլբարյան, անհնազանդության ակցիաները մի քանի օր է ակտիվացել են ՀՀ ողջ տարածքով։ Ի՞նչ եք կարծում, այս ակցիաները արդյունք կտա՞ն։ Տեսնում ենք, որ իշխանությունը տարածքներ է հանձնում, տավուշցիները ոտքի են ելել Տավուշում, Դուք այստեղ եք աջակցում…։
-Ես համոզված եմ, որ Հայաստանում ժողովրդից խլվել է իշխանությունը, եւ այս քաղաքացիական անհնազանդության բաձարձակ խաղաղ, օրինական միջոցները անպայման տալու են իրենց արդյունքը։ Ներկայիս իշխող վարչախումբը, որը նույնպես իրագործել է խաղաղ պայքարի միջոցները, եկավ իշխանության, եւ ոչ միայն ձախողեց Հայաստանի Հանրապետության օրենսդրական եւ սահմանադրական կարգը եւ այն ենթարկեց մեկ անձի «կառավարման վախերի», այլեւ Հայաստանը դարձրեց բացարձակ կապիտուլյացված պետություն, որտեղ չի գործում ոչ մի օրենք, եւ որտեղ առաջնորդվում են միայն կեղծ թեզերով։
Նայեք սահմանազատմանն ու սահմանագծմանը. ոչ ոք դեմ չէ, սակայն դա պետք է տեղի ունենա ՀՀ Սահմանադրության հիման եւ ԵԱՀԿ գործող ուղեցույցի հիման վրա։ Այս դեպքում կա առերեւույթ հիմնավոր կասկած, որ, ի հակակշիռ օրենքի, կատարվում է այն, ինչ պահանջում է Ալիեւը։ ՀՀ քաղաքացիների առաջնային խնդիրը իրենցից խլված իշխանությունը վերադարձնելն է։ Այս ակցիան նպատակ ունի ցույց տալու, որ ժողովուրդը հրաշալի գիտի օրենքները. այդ խաբեությունները ինչպես Տավուշում չեն գործել, այնպես էլ այստեղ չեն գործելու։ Այս հարցը պետք է լուծվի Երեւանում, եւ բոլոր այն քաղաքացիները, որոնց համար թանկ է պետություն ունենալու եւ անվտանգ քաղաքացի լինելու իրավունքը պետք է համախմբվեն։
Տիկին Դիլբարյանը նշել է, որ մոտ 300 ցուցարարներից կեսին բերման են ենթարկել, եւ եթե քաղաքացիներին փորձեն ճնշել, ապա բոլորը պետք է համախմբվեն՝ պաշտպանելու ՀՀ քաղաքացուն եւ հայրենիքը, քանզի Տավուշը նաեւ Երեւանում է։ Նա նշել է, որ Հայաստանը բռնապետություն չէ, եւ ոչ ոքի չի հաջողվելու այն բռնապետության վերածել։
– Տիկի՛ն Դիլբարյան, կարո՞ղ ենք արձանագրել, որ այս քայլերով իշխանությունը ոտնահարել է ժողովորդավարություն տերմինը:
-Գիտեք, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Արցախի հարցում իջեցնենք նշաձողը, նա նկատի ուներ՝ եկեք իջեցնենք բոլոր տեսակի նշաձողերը։ Ժողովրդավարական հռչակված երկրում քաշքշում են մարդկանց, բռնի ուժով բերման ենթարկում, հարվածում։ Մենք ոչ ոքի նկատմամբ վիրավորանք կամ ատելության խոսք չենք հնչեցրել, այնինչ ոստիկանության կողմից իրականացվում են բռնի գործողություններ, որոնք, բնականաբար, թելադրված են սեփական քաղաքացիների հանդեպ ատելությամբ։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ժողովրդի ընտրյալները խախտել են իրենց ծրագիրը։ Բաց արե՛ք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը, այնտեղ ոչ մի տեղ գրված չէ, որ մեկ անձի վախերի կամ անկարողունակության պատճառով ամբողջ հանրապետության տարածքները ամեն օր պետք է կտրատվեն, փոփոխվեն, եւ մենք ամեն ինչ պետք է զիջենք Ադրբեջանին։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչ եղավ, երբ Ադրբեջան ճանաչեցինք Արցախը. այն լիովին վերացավ, եւ հիմա փորձում են կատարել նույնը Տավուշի գյուղերում, ապա Գեղարքունիքում…եթե ամեն բան ճանաչվի Ադրբեջան, այստեղ լինելու է այլ պետություն, իսկ մենք, փաստորեն, մեր համաձայնությամբ հանձնելու ենք մեր պետությունը։
Տիկին Դիլբարյանը, անդրադառնալով ոստիկանների գործողություններին, նշել է, որ կանանց քաշքշելուց հետո՝ տուն գնալիս, նրանք պետք է որ չկարողանան իրենց գլուխը բարձին դնել։
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության զոհերին ցուցակագրելու իշխանության հայտարարությանը՝ Նարինե Դիլբարյանն ասաց. «Անդրանիկ Քոչարյան անունը կրող այդ անձի խոսքը, որին հետեւեց հանրապետության վարչապետ գործող անձի այն ուղերձը, ոտեղ միայն երեք անգամ հնչեց «Ցեղասպանություն» բառը եւ չասվեց, որ դրանք թուրքական գործողություններ են, վտանգավոր են, եւ հասկանալի է, որ դա մի մեծ ծրագիր է՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության»։
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ՀԱՂՈՐԴՈՒՄ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄ
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 418-րդ եւ 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները եւ բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։

Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը եւ պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի համաձայն.
1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
1. Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Հաղորդմամբ պահանջվում է՝ «Հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ, ձեռնամուխ լինել նախաքննության իրականացմանը եւ լուծել Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»:

ԿԱԹՎԱԾԱՀԱՐ Է ԱՆԵԼՈՒ ՀՀ-Ն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը սոցցանցի իր էջում գրում է. «Հայաստանի իշխանությունն առաջին փուլով խոստացած տարածքային զիջումները չավարտած՝ Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին` միջանցք, սահմանադրական փոփոխություններ եւ չսպառազինվելու որոշում:
Թեեւ այս պահին գործընթացը Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց գյուղերի տարածքում կամ մատույցներում է, ե՛ւ ՀՀ ե՛ւ Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ նշել էին, որ հաջորդ փուլով պետք է Ադրբեջանին հանձնվեն, այսպես կոչված, 4 անկլավները:
Այս 4 անկլավներից 3-ը՝ Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում: Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են:
Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում եւ ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»:

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի եւ Երեւանի հետ, սակայն Նյու Դելին նաեւ մտահոգված է պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբ:
Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջեյսվալը՝ արձագանքելով Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ, բայց, բացի դրանից, մենք նաեւ իրականացնում ենք պաշտպանական արտահանման խթանման Հնդկաստանի քաղաքականությունը»,- ասել է նա։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ իրենք չեն կարող ձեռքերը ծալած նստել, քանի դեռ Ֆրանսիան, Հնդկաստանը եւ Հունաստանը զինում են Հայաստանին։ Ըստ Ալիեւի՝ թվարկված երկրները դա անում են բացահայտ եւ ցուցադրաբար եւ նույնիսկ փորձում են դրանով ինչ-որ բան ապացուցել Բաքվին։

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀՀ ԱԺնախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
Ալեն Սիմոյանը շնորհակալություն է հայտնել հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախում հայերի նկատմամբ ադրբեջանական վարքագծի եւ ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու վերաբերյալ բազմակուսակցական բանաձեւի՝ բացարձակ մեծամասնությամբ ընդունման համար։
Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի Հանրապետությանն աջակցող փոխգործակցության շրջանակը խորհրդարանական մակարդակում:




Լրահոս