«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ չէ առաջին օրը Նորատուսում պայթյուն ու կրակոց լսվեց, ու ամենազարմանալին այն է, որ այս դեպքերը մեկը մյուսի հետ կապ ունեն։
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն էր եղել, եւ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ քաղաքացին պայթուցիկը բերել էր, որ տեղադրեր 7 տարի առաջ սպանված՝ Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանին, ու այն տեղադրելուց հետո պայթյունը տեղի էր ունեցել ու նա մահացել էր։
Այս դեպքից ժամեր հետո Նորատուսի տներից մեկում լսվեց կրակոց. ինքնասպան էր եղել փոխմարզպետի որդու ապանության համար Մարտունի-Սեւան ճանապարհին սպանված Գուրգեն Հակոբյանի հայրը՝ Բ.Հակոբյանը։
Իրավապահների մոտ վարկած է քննվում, որ տարիներ առաջ այս երկու սպանությունների համար ընտանիքների թշնամությունը դեռ շարունակվում է ու, միգուցե, ինքնասպան եղած Հակոբյանն է կազմակերպել պայթեցնել Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը, քանի որ ապրիլի 24-ին փոխմարզպետի սպանված որդու ծննդյան օրն էր, ու հարազատները գերեզմանատուն էին գնալու. սակայն պլանը չի աշխատել, ու նա այս ամենից հետո սեփական տանը ինքնասպան է եղել։ Ի դեպ, ըստ լուրերի՝ գերեզմանատանը պայթյունի սարքը տեղադրելու ժամանակ պայթյունից մահացած անձը՝ ինքնասպան եղած Բ. Հակոբյանի վարորդն է եղել։
Նշենք նաեւ, որ մեր հրապարակումից հետո Հայկ Հակոբյանի հարազատները հայտնել են, որ դեպքը իրենց գերեզմանից հեռավորության վրա է եղել։
Հիշեցնենք, որ Armlur.am-ը գրել էր, որ Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության գործով կալանավորվածի հարազատը այսօր «Մակարով» տեսակի ատրճանակով ինքնասպան է եղել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կա վկա, որը մահացածի հարազատն է, եւ նրա ներկայությամբ է դեպքը եղել:
2017 թվականին՝ Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունից հետո, արյունահեղությունները շարունակվում են ու խլում մարդկանց կյանքեր:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը, սպանվել էր:
Հունվարի 7-ին՝ ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում, «Տոյոտա լենդ քրուիզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից՝ վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։
Հակոբյանի վրա 7 կրակոց էր արձակվել:
Նշենք, որ մահացած Հայկ Հակոբյանը հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Նորատուսցի եղբայրներ Ալիկ եւ Արա Բանդուրյանների քեռու տղան էր, իսկ հայրն այդ ժամանակ Գեղարքունիքի փոխմարզպետն էր։
Այս սպանությունը ունեցավ իր հետեւանքները. 2019 թվականին նոյեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, Սեւան-Մարտունի ավտոճանապարհին հնչեցին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվեց նույն մարզի բնակիչ 40-ամյա Գուրգեն Հակոբյանը։ Բանն այն է, որ փոխմարզպետի որդու սպանության մեջ մեղադրվում է Մեխակ Հարությունյանը, որը սպանված Գուրգեն Հակոբյանի զարմիկն էր։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այս դեպքը կապեցին քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի հետ, թե նա է կազմակերպել՝ ցանկանալով վրեժխնդիր լինել իր մորեղբոր որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության համար։
Եվ ահա, 5 տարի անց՝ փոխմարզպետի որդու սպանությունից հետո, վրեժխնդրության արդյունքում սպանված Գուրգեն Հակոբյանի հայրը այսօր ինքնասպան է լինում, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՏԱՐԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՅԼ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
Ապրիլի 24-ին «Ազգային ժողովրդավարական բեւեռ»-ի երթի ժամանակ ոստիկանները ուժ են կիրառել հավաքի մասնակիցների եւ ԱԺԲ-ի անդամների նկատմամբ:
ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺԲ անդամ Արմինե Սախոյանն ասաց, որ այս պահի դրությամբ ազատ են արձակվել բոլոր ցուցարարները, ձերբակալված են մնացել միայն Ազգային ժողովրդավարական բեւեռի 7 անդամները:
«Փաստաբաններ կան, որ պետք է զբաղվեն այս հարցով, որ հասկանանք՝ ի՞նչ հիմքով է իրականացվել ձերբակալությունը:
Լաուրա Պապիկյանը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին չի վիրավորել, բայց ինչ-որ արտահայտություն էր արել, հենց դրա համար էլ Լաուրային ձերբակալել են. մեկ էլ Տիգրանն էր, որ ակտիվ է եղել, կադրերում երեւում է, մնացած մասնակիցների հետ կապված՝ հասկանալի չէ: Ստացվում է, որ մարդկանց ասած ճշմարտությունը առիթ է դարձել, որ ձերբակալեն իրենց:
Փաստաբաները կաշխատեն, որ հասկանանք՝ ի՞նչ հիմքով են եղել ձերբակալությունները: Տուգանային հրապարակում է գտնվում նաեւ մեր Pickup մեքենան»,-նշել է Արմինե Սախոյանը:
Երթի ժամանակ ձերբակալվել են նաեւ այլ երկրի քաղաքացիներ. նրանք դիմելու են տվյալ երկրի դեսպանատներ, քանի որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվել:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ Է ՎԱՐՈՒՅԹ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երեւան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու եւ այդ կերպ երթեւեկությունը խուլիգանական դրդումներով խաթարելու դեպքի հանգամանքները։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
Ինքնությունը չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես՝ ավտոմեքենաների երթեւեկությունը խոչընդոտելու նպատակով, իրավական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, 2024 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 16:25-ին, «Ford Tranzit» մակնիշի, «BMW X5» մակնիշի եւ «Mersedes Benz» մակնիշի ավտոմեքենաներով Երեւան-Երասխ միջպետական ավտոճանապարհի՝ Մասիս համայնքի վարչական տարածքի հատվածի երթեւեկելի գոտիներ են տեղափոխել եւ կուտակել բազմաթիվ անվադողեր։ Այնուհետեւ, իրենց նպատակին հասնելու համար, մի կողմից դեպի Երասխ, իսկ մյուս կողմից՝ դեպի Երեւան ուղղություններով՝ տեղադրված անվադողերը հրկիզման եղանակով այրել են, ինչի հետեւանքով որոշակի ժամանակահատված ճանապարհի այդ հատվածում երթեւեկությունը խաթարվել է:
Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (խմբակային խուլիգանությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ նշված հանցավոր արարքն առերեւույթ կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով կատարել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կատարվածի հանգամանքները պարզելու եւ հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով։
ՀՀ քննչական կոմիտեն նախազգուշացնում է ձեռնպահ մնալ հասարակական կարգը, հանրապետության կենսագործությունն ապահովող միջպետական եւ այլ նշանակության ճանապարհների երթեւեկությունը նման հանցավոր եղանակներով խոչընդոտելուն ուղղված գործողություններից։ Նման բոլոր դեպքերը դարձվելու են մանրամասն քննության առարկա եւ հանցագործություն կատարած անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության։
ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՁՆԵԼ ԵՆ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ գլխավոր դատախազության ու ներքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում Միացյալ Նահանգներին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի։ «Այս հաջողված համատեղ գործողությունն ի ցույց է դնում ԱՄՆ եւ ՀՀ իրավապահների արդյունավետ գործընկերությունը»,- ասված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։