Լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի
Հայրենասիրությունը տարիք չի ճանաչում: Անգամ այնպիսի փոքրիկ դետալով, ինչպիսին Արցախի դրոշն է մանկասայլակի վրա, փոքրիկը մասնակցում է Ջահերով երթին:
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է իրականացվում իրավունքների փոխանցումը եւ օգտագործման թույլտվությունը :
Անահիտ Համբարձումյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները հեղինակի կողմից կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխանցվել (զիջվել) երրորդ անձանց կամ նրանց տրամադրվել օգտագործման թույլտվություն (լիցենզիա)` հեղինակի եւ նրանց միջեւ կնքված համապատասխանաբար՝ զիջման կամ լիցենզային (այսուհետ նաեւ՝ հեղինակային) պայմանագրի հիման վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Հեղինակային պայմանագիրը կնքվում է գրավոր ձեւով, որն էլ հանդիսանում է կողմերի երաշխիքը, քանի որ տվյալ պայմանագրով կարգավորվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, որոնք վերաբերում են ստեղծագործության օգտագործմանը:
Մտավոր սեփականության գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պայմանագրի կողմը, որի իրավունքներն ու օրինական շահերը խախտվել են, կարող է դատարանի միջոցով պահանջել իր իրավունքների հարկադիր իրականացում:
ՖԻՆԱՆՍՆԵՐ
ՀԱՐՑ. Ո՞ր դեպքում է ՖՆ գանձապետական հաշվին փոխանցում կատարվում եւ ի՞նչ փաստաթղթեր քաղաքացին կարող է ներկայացնել խնդիրը շտկելու համար։
Սարգիս Ավանեսյան (44 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարկերի միասնական հաշվին վճարված, սակայն ՀՎՀՀ-ն նշված չլինելու կամ սխալ դաշտում նշված լինելու պատճառով հաշվին չմուտքագրված գումարները ճիշտ ՀՎՀՀ-ով հաշվին մուտքագրելու նպատակով վճարողը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնում է դիմում՝ նշելով վճարման տվյալները /վճարված գումարը, վճարման ամսաթիվը/ եւ ճիշտ ՀՎՀՀ-ն, որով ենթակա է գումարը մուտքագրման հարկերի միասնական հաշվին, դիմումին կից ներկայացվում է վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:
ՀՀ ֆինանսների նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրինակ՝ կից ներկայացնելով օօ/աա/տտ թ.-ի N վճարման անդորրագրի պատճենը՝ հայտնում եմ, որ կատարել եմ օօ/աա/տտ թ.-ին x գումար վճարում 900008000490 հարկերի միասնական հաշվին: Հարկատուի ՀՎՀՀ-ն նշված չլինելու պատճառով /կամ սխալ դաշտում նշված լինելու պատճառով/ գումարը հաշվին չի մուտքագրվել: Խնդրում եմ x գումարը մուտքագրել 900008000490 հարկերի միասնական հաշվին՝ XXXXXXXX ՀՎՀՀ-ով: