Այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղ են եկել չափագրողներ:
Գյուղում կան նաև մեծաթիվ ոստիկաններ:
«Մենք չենք կարողանում տեսնենք, բայց որ սկսված է՝ սկսված է: Հիմա մենք ժողովրդի հետ հավաքված՝ նստած սպասում ենք, թե երբ են մեզ հասնելու»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Կիրանց վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանը:
«Չափագրման աշխատանքներ են կատարվում: Սկսվել ա Ոսկեպարի կողմից, բավականին երկար տարածք ա. կգան կհասնեն գյուղին՝ կհասկանանք ինչ ա:
Ոստիկանությունը լրիվ կանգնած ա, մեզնից 3 կմ հեռու են, տարածքում են»:
Հարցին, թե ինչ իրավիճակ է գյուղում՝ Կամո Շահինյանը պատասխանեց, որ շատ վատ իրավիճակ է:
Ընդհանուր առմամբ գյուղացիները լարված են, սպասում են աշխատանքների ավարտին:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, մայիսի չորսից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։
Նրանք Երևան են հասնելու մայիսի 9-ին։
Հիշեցնենք նաև, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման գործընթացին:
Իռեն Գեդեոնյան