«Ժառանգությունն» ակնկալում է ՀՀԿ-ի աջակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի օրակարգում արտահերթ կարգով ընդգրկվեց ԱԺ պատգամավորների 1/3-րդի առաջարկած նախագիծը: Նրանք առաջարկում են ստեղծել ևս մեկ ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թվականներին բնակչության և տնտեսվարող սուբյեկտների կողմից լրացուցիչ վճարների ու տուգանքների գանձման գործընթացը` արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների և այլ միջոցներով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքները:

Նախագծի հիմնական զեկուցող, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, նախքան հարցի բուն էությանն անցնելը, հայտնեց, որ այս հարցին, բացի ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններից, միացել են նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» ու ԲՀԿ խմբակցությունները:

Հակոբյանն ասաց, որ մասնավոր ընկերությունները կարմիր գծեր են գծում քաղաքում և տուրք են գանձում քաղաքացիներից՝ առանց որևէ սպասարկման:

«Որևէ մեկը պատասախանատվություն չի կրում այս մեքենաների համար, առևանգել կլինի և այլն, որևէ շահագրգռվածություն չկա, որ ապահով կլինի»,- ասաց Հակոբյանը:

Հանձնաժողովը կարմիր գծերի հետ կապված պետք է պատասխանի մի քանի առանցքային հարցերի, նախ՝ ինչ պատճառաբանությամբ է կայացվել Երևանի ավտոկայանատեղիների գումարի հավաքագրումը մասնավոր ընկերությունների միջոցով այն դեպքում, երբ սպասարկումը կարող էր կազմակերպել քաղաքապետարանը: «Ինչ սկզբունքներով ու չափանիշներով են որոշելու փողոցներում կայանման տեղերը: Շատ ճարպիկ պետք է լինես, որ Պուշկինի նման նեղ փողոցով անցնես: Կարմիր գծեր են գծել ու լավ հիմքեր են ստեղծել վթարների առաջացման համար: Փորձում են լուծել ոչ թե գերբեռնված վիճակն ու այն թեթևացնել, այլ ավելի շատ գումար պոկել»,-կարծում է պատգամավորը: Հանձնաժողովը պետք է ուսումնասիրի նաև այն փաստը, թե երբ է հիմնադրվել «Փարքինգ Սիթի» ՓԲԸ-ն, ինչ հիմունքներով են կնքվել նրա հետ պայմանագրերը:

Արագաչափերի հետ կապված՝ հանձնաժողովը, ըստ Ռուբեն Հակոբյանի, պետք է պատասխանի մի քանի հարցի, թե ինչ ընթացակարգով են կնքվել սարքերի ձեռքբերման, գնման պայմանագրերը, որ կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք են մասնակցել ու ինչ հիմքով են ընտրվել մասնակիցների կողմից ներկայացված հայտերը, ինչու է պայմանագրի կնքման ժամկետը սահմանվել մինչև 2030-ը:

«Պետք է միակողմանի անվավեր ճանաչել այս օրենքները: Ինչքա՞ն կարելի է չսիրել երևանցուն, որ հակաերևանյան նման որոշում ընդունել: Ո՞ւմ մոտ է հղացել այն միտքը, որ Հայաստանի տարածքը կարող են մասնավորեցնել մարդիկ, ովքեր ոչ մի ներդրում չունեն: Ժողովրդից նալոգ են հավաքում»,-հայտարարեց Հակոբյանը:

Նա, դիմելով մեծամասնությանը, ասաց,  իր համար անհասկանալի է` ինչ տրամաբանությամբ կարելի է նման օրենք ընդունել, արհամարհել երևանցու շահն ու նման օրենք ընդունել:

«Հարգելի՛ մեծամասնություն, ակնկալում ենք ձեր աջակցությունը: Սա ընդդիմության հարց չէ, սա արժանապատվության հարց է, որ մեր փողոցում ու մեր տանը փող չաշխատեն մեր հաշվին, ու հասկանանք, թե ինչ է կատարվում մեր պետության հետ»,- եզրափակեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:




Լրահոս