ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործով ավարտական փուլի մեջ է գտնվում, եւ դատելով իրավիճակից՝ առաջիկայում գործով նախաքննության ավարտ կհայտարարվի: Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա փետրվարի 16-ից գտնվում է տնային կալանքի տակ: Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով, քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։ Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ՝ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նրանց օժանդակությամբ՝ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով ընկերությանը հեռացնել մրցույթից: Սույն քրեական գործով մեղադրյալ են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը եւ այլ անձինք:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած շարժման երթը դեպի Երեւան իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել։ Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ մի շարք քրեական վարույթներով անցնող անձանց ներքին կարգով հասկացրել են, որ մի փոքր սպասեն իրենց քրեական վարույթների հարցով, մինչեւ հասկանան՝ երթը գա, հասնի Երեւան, ի՞նչ իրավիճակ է լինելու, որից հետո պարզ կլինի ընթացքը։ Դատելով իրավիճակից՝ իրավապահ համակարգում մտավախություններ կան, որ, միգուցե, երթը հասնի Երեւան, ու իրավապահ համակարգում գործընթացներ սկսվեն. ուստի արդեն իսկ առկա քրեական վարույթներով նոր նախաձեռնություններ անելու ժամանակը չէ։

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակված զեկույցում ասվում է. «Կառավարության կամ վերջինիս գործակալների կողմից կամայական կամ անօրինական, այդ թվում՝ արտադատական սպանություններ կատարելու վերաբերյալ հաղորդումներ չեն եղել։ Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները) մտահոգություններ են հայտնել զինված ուժերում գրանցված ծառայության հետ կապ չունեցող մահվան դեպքերի ու իրավապահների կողմից այդ դեպքերով արժանահավատ քննություններ չապահովելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունում ոչ մարտական, խաղաղ պայմաններում 2018-ին գրանցվել է մահվան 36 դեպք, 2019-ին՝ 32, 2020-ին՝ 46, 2021-ին՝ 42, 2022-ին՝ 38, իսկ 2023-ին՝ 53 մահվան դեպք։ 2024 թվականի առաջին 5 ամիսներին զոհերի թիվը հատում է 30-ի սահմանը։ Այս դեպքերն արձանագրվել են, երբ զինվորը զոհվել է արտակարգ իրավիճակների պատճառով, օրինակ՝ ձնաբքի, երբ զոհվել է ավտովթարից, զինակցի կրակոցից, Ազատ գյուղի դեպքում՝ կացարանի հրդեհից։ Դեպքերը տարեցտարի ավելանում են։ Չեն նվազում՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ։ Պաշտպանության նախարարությունը ակներեւ ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ այս թվերը չեզոքացնելու կամ պակասեցնելու համար». – գրված է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ըստ նախնական վարկածի՝ պայմանագրային զինծառայողը, որի դին գտնելու մասին հայտնել էին երեկ, ինքնասպան է եղել։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այս քայլին գնալու պատճառը նրա սոցիալական վիճակն է եղել։ Իրավապահ համակարգում առկա լուրերի համաձայն՝ նա շատ պարտքեր է ունեցել։ Որքանով են այս վարկածները հիմնավոր՝ ցույց կտա քննությունը։ Ի դեպ, նա ամուսնացած էր եւ իր խնամքի տակ ուներ երեխաներ։ Նշենք, որ մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով:




Լրահոս