Հայերը սեփական երկրում են անպաշտպան, ուր մնաց` դրսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ժամանակին տեղի ունեցավ Սաֆարովի խայտառակ արտահանձնումը, Հայաստանի իշխանություններն անզոր գտնվեցին որևէ կերպ այն կանխելու, բավարարվեցին ընդամենը «Երիտհանրապետականները և պոմիդորները» կոչվող ` բացօթյա  ներկայացումը ցուցադրելով: Դե ոչինչ, մեծն Եվրոպան է, ով մեզ միշտ բոլոր հարցերում «օգնել» է: Բայց մեր արտաքին գերատեսչություններն աշխատում էին, Գվատեմալայի հետ մշակութային հարաբերություններ էին հաստատում…

Հետո էլ մեր հայրենակցին Ռուսաստանում ծաղկավոր խալաթ հագցրեցին, և միայն ՄԻՊ-ն էր, որ մտահգություն հայտնեց այդ առիթով: Դե այս դեպքում էլ մեր «մեծ եղբայրն» է, ոչինչ, կանցի, կգնա: Իսկ մեր արտաքին գերատեսչությունները կրկին շարունակում էին աշխատել, Սվազիլենդի հետ էլ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին…

Սվազիլենդին էլ հաջորդեցին Ուգանդան, Վանուատուն, զուգահեռաբար `  ինչ-որ հանդիպումներ Եվրոպայում դեսպանների հետ, ԵՄ ներկայացուցիչների հետ, բանակցություններ, նորից բանակցություններ և ծախսեր, ծախսեր, ծախսեր… Արդյունքում `  Մաքսային միություն մտնելու մասին պատրաստակամություն `  առանց որևէ նախապայմանի: Հետո գազի խայտառակ պայմանագիր, նվաստացուցիչ պայմաններ, պարտք և այդպես շարունակ `  աշխատում են ու վնասում:

Շատ յուրահատուկ աշխատանքի ձև է, և պետք է նշել, որ մեր պետության դեպքում ամեն ինչն է յուրահատուկ: Երևի դա գալիս է նրանից, որ հայերը սիրում են տարբերվել մյուս ազգերից: Օրինակ, պետություն ունեցող բոլոր ազգերի ներկայացուցիչները այլ պետության տարածքում խնդիրներ ունենալու կամ վտանգի մեջ հայտնվելու դեպքում հույսները դնում են իրենց պետության վրա: Բայց մենք հայ ենք, մենք յուրահատուկ ենք, հետևաբար `  դրսում շատ բան կարող են մեզ անել, բայց Հայաստանի Հանրապետության վրա ոչ մի դեպքում հույս դնել չի կարելի, թե չէ կդառնանք բոլորի նման:

Քեսաբում իսլամիստ ահաբեկիչներից հայերին պաշտպանելու համար Սիրիայի իշխանություններն են ռազմական օդանավ ուղարկում, որը խփում են Թուրքիայի իշխանությունները: Հայերը տարհանվում են, իսկ մեր իշխանությունները Հովիկ Աբրահամյանի միջնորդությամբ հայտարարում են, որ իրավասու չեն միջամտելու: Լավ, այդ դեպքում ինչի՞ն են ընդհանրապես իրավասու, ո՞րն է ընդհանրապես նրանց դերը `  դե.. բացի զուգարաններից, Սվազիլենդից, ատկատներից, չարաշահումներից, կոռուպցիայից, պարտքեր կուտակելուց, հարստանալուց…

1958182_545916068860680_1084770551_n

Արտաքին գերատեսչությունն, իհարկե, լռում է: Մեր բախտից գոնե Սերժ Սարգսյանը, գտնվելով Նիդերլանդներում `  Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ, որում հանձնարարել է «ՄԱԿ-ի `  Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին `  հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»:

Մնում է, որ հայտարարությունը, որևէ արդյունք տա, ոչ թե լինի այնպես, ինչպես Սաֆարովի ժամանակ: Իսկ արդյունավետությունը նաև կապ ունի Հայաստանի միջազգային վարկանիշի հետ, որը մեր իշխանությունների թեթև ձեռքով այնքան էլ լավ վիճակում չէ: Սակայն պետք է արձանագրել նաև մի դրական կողմ `  Սերժ Սարգսյանը գոնե մտածել է, որ կարելի է շնորհակալություն հայտնել Սիրիայի իշխանություններին `  քեսաբահայությանն պաշտպանելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:

Ի դեպ, News.am կայքի հրապարակումներից մեկում ասվում է, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Հայաստանի 2 քաղաքացու 12 ժամ պահել են առանց սննդի և անձնագրի, թույլ չեն տվել այնտեղից դուրս գալ `  մեղադրելով նախկինում ՌԴ-ում իրավախախտումներ անելու մեջ, և սա այն դեպքում երբ «մեղադրյալը» առաջին անգամ էր ՌԴ ժամանում: Բայց դե ինչերի՞ հետևից ենք ընկել. մեր պետությունը նույնիսկ մի ամբողջ համայնքի չի կարողանում պաշտպանել, ուր մնաց `  ինչ-որ 2 քաղաքացու՞ պաշտպանի: Էլ չեմ ասում, որ հայերը սեփական երկրում են հաճախ անպաշտպան, ուր մնաց `  դրսում:

1960006_546728688779418_1336817213_n

Կարեն Վարդանյան




Լրահոս