Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայէկոնոմբանկը միջազգային համագործակցության խոշոր ցանց ունեցող բանկերից է, որն իր ավելի քան 30 տարվա գործունեության ընթացքում իրականացրել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ՝ ուղղված Հայաստանում տնտեսության զարգացմանը:

Բանկի միջազգային հաջողված համագործակցության, ձեռքբերումների, առկա մարտահրավերների, առաջիկա անելիքների և կին գործարար/աշխատակից կարևորության մասին զրուցել ենք Հայէկոնոմբանկի Միջազգային և զարգացման գծով փոխտնօրեն Աստղիկ Մանրիկյանի հետ:

  1. Հայէկոնոմբանկի և միջազգային հեղինակավոր կառույցների հետ համագործակցությունը երկար տարիների փորձ ունի: Ինչպե՞ս սկսվեց այն, ի՞նչ ազդեցություն են ունեցել այդ հարաբերությունները Բանկի զարգացման վրա, և ի՞նչ մոտեցումներ է պահանջում միջազգային կառույցների հետ աշխատանքը:

Բանկը դեռևս 2000-ական թվականներից էր ընտրել միջազգային գործընկերների հետ ճանապարհ անցնելու ռազմավարական ուղին, իսկ 2004-ից այն ավելի գործուն ու արմատական ընթացք ստացավ, երբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ձեռք բերեց Հայէկոնոմբանկի 25% մասնաբաժինը՝ պահպանելով մասնակցությունը Բանկի կապիտալում շուրջ 15 տարի:

Այս մեկնարկն էապես ազդեց Բանկի արտաքին ռազմավարական հետագծի զարգացման վրա՝ գործընկերային զգայուն հարաբերությունները կառավարելու մշակույթի ձևավորման,  առաջադեմ փորձի գրավիչ փաթեթից օգտվելու ունակության և մեր տնտեսության մեջ այն ներդնելու կարևոր առաքելությունը իրագործելու առումով:

Ներկայումս Բանկը համագործակցում է տարածաշրջանում առկա գրեթե բոլոր առաջնակարգ ֆինանսական կառույցների հետ, հասցրել է ավարտին հասցնել մոտ 120 հաջողված ծրագիր՝ ուղղված մանր, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը:

Վստահելի գործընկեր կայանալու և ընկալվելու  ճանապարհին մենք անդադար կրթվել և այժմ էլ շարունակում ենք սովորել մեր գործընկեր միջազգային կառույցներից թե՛ համատեղ աշխատանքի, թե՛ այդ աշխատանքի ընթացքում իրականացվող  խորհրդատվությունների, թե՛ նրանց կողմից տրամադրված տեխնիկական աջակցության շրջանակներում: Միջազգային գործընկերների հետ աշխատանքն ամենօրյա շարունակական, հետևողական աշխատանք է, որը պահանջում է հաշվետվողականություն, թափանցիկություն, արագ արձագանքման անհրաժեշտություն, հաճախ նաև՝ բիզնես շահերի և մոտեցումների ստորադասում այդ կարևոր հարաբերություններին:

  1. Միջազգային կառույցներից ներգրավված միջոցները Բանկը ի՞նչ ուղղություններով է տեղաբաշխում և ի՞նչ նախագծերի եք նախապատվություն տալիս:

Բոլորս գիտենք, որ մանր, փոքր, միջին ձեռնարկությունները երկրի տնտեսության շարժիչ ուժն են, և Բանկն արդեն տևական ժամանակ նախապատվություն է տալիս  տնտեսվարողների այս հատվածի ֆինանսավորմանը, ինչը միջազգային գործընկերները ևս էապես կարևորում են: Ինչ վերաբերում է նախագծերի տեսակին նախապատվություն տալուն, դրանք ի հայտ են գալիս` ժամանակի հրամայականով պայմանավորված. օրինակ, եթե 5-10 տարի առաջ վարկավորման համար նախապատվությունը տրվում էր կին ձեռներեցներին կամ առհասարակ անհավասարության նվազմանը միտված ծրագրերին, իսկ դրանից առաջ՝ առանց առանձնահատուկ տարբերակման ապրանքների ներմուծման, արտահանման  ծրագրերին, ապա այժմ, կլիմայական մարտահրավերներով պայմանավորված, առաջնահերթություն է ստացել կանաչ ծրագրերի ֆինանսավորումը՝ ուղղված բնապահպանական հրատապ խնդիրների ոլորտին կամ նոր տեխնոլոգիական մոտեցումներին:

  1. Միջազգային հեղինակավոր կառույցների հետ համագործակցության ի՞նչ մարտահրավերներ և հնարավորություններ կան և ի՞նչ նոր համագործակցություններ են սպասվում առաջիկայում:

Իհարկե, մարտահրավերները ևս ձևափոխվում են` տվյալ ժամանակաշրջանի առանձնահատկություններով պայմանավորված. օրինակ, նախկինում թղթակից գործընկերների հետ աշխատելիս առաջնային էր փաստը, թե ինչ նվազագույն քանակի փոխանցում ենք ապահովում տվյալ թղթակցի միջոցով, որպեսզի համագործակցությունը գրավիչ համարվի կողմերին կամ, օրինակ, որքանով որակյալ կկարողանանք ապահովել փոխանցման համար նախատեսված դաշտերի լրացումը, որպեսզի այն ինքնաշխատ՝ առանց մարդկային միջամտության, հասնի վերջնական շահառուին: Ներկայիս հիմնական մարտահրավերներն առաջին պլան են տեղափոխել ՓԼԱՖ ոլորտի և միջազգային պատժամիջոցներին բավական խիստ պահանջներին համապատասխանեցման  անհրաժեշտությունը, ինչը և իրականացվում է Հայէկոնոմբանկի կողմից հաճախ՝ բիզնես հետաքրքրությունների հաշվին:

Ռեսուրսների ներգրավման տեսանկյունից, եթե նախկինում բավականին բարդ էր յուրաքանչյուր նոր միջազգային կառույցի հետ երկխոսության մեկնարկի գործընթացը, քանի որ մեծ ճիգեր էին պահանջվում ներդրման համար թե՛ Բանկի, թե՛ երկրի ներուժը համոզիչ դարձնելու ուղղությամբ, ապա այժմ, ի հաշիվ  անցած ճանապարհի ու փորձառության և աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում ի հայտ եկած հնարավորությունների, այդ երկխոսությունը դարձել է անհամեմատ դյուրին, սակայն առաջարկվող ռեսուրսները, ծախսատարությամբ պայմանավորված, դարձել են քիչ գրավիչ: Այնուամենայնիվ, այս պայմաններում ևս մենք փորձում ենք գործընկերների հետ գտնել շահավետ դրույթներ և շարունակել կարևոր գործակցությունները:

Կցանկանայի նշել, որ  անցնող շաբաթվա ընթացքում Երևանն առաջին անգամ հյուրընկալել էր ՎԶԵԲ տարեկան համաժողովը՝ համախմբելով միջազգային կազմակերպությունների մոտ 3000 բարձրաստիճան ներկայացուցիչներին մեկ վայրում:

Այս համաժողովի ընթացքում Բանկը ՎԶԵԲ-ի հետ կնքեց 10մլն դոլարին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագիր՝ ուղղված միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը: Համագործակցությունը միտված է նաև երկրի համաչափ զարգացմանը. ներգրավված միջոցների մոտ 30%-ը կուղղվի Հայաստանի մարզերի բիզնեսի վարկավորմանը: Բանկի և ՎԶԵԲ-ի միջև կնքված այս համաձայնագիրն արդեն թվով 15-րդն է 2000թ.-ից մինչ օրս, իսկ, ընդհանուր առմամբ, հիշյալ գործընկերոջից  ներգրավված միջոցները սույն պայմանագրով կհասնեն 83.0 մլն ԱՄՆ դոլարին:

Մինչև տարեվերջ Բանկը նախատեսում է կնքել ևս մի քանի վարկային համաձայնագիր առկա և նոր գործընկերների հետ:

  1. Նշեցիք, որ Բանկը ներգրավված միջոցները ուղղում է նաև կին գործարարների վարկավորմանը: Ինչպիսի՞ն է պատկերն այս վարկառուների մոտ և ի՞նչ փոփոխություններ է այն կրել Ձեր նշած 5-10 տարվա ընթացքում:

Մենք արդեն երկար տարիներ իրականացնում ենք նշված ծրագրերը մեր մի քանի գործընկեր ֆինանսական կառույցների՝ ՎԶԵԲ-ի (EBRD), Ասիական զարգացման բանկի (ADB), Հոլանդական զարգացման բանկի (FMO) և այլոց հետ, որի ընթացքում ֆինանսական փաթեթի հետ ստացել ենք նաև անչափ կարևոր տեխնիկական աջակցություններ՝ սկսած պրոդուկտների ճանաչելիության, ֆինանսական գրագիտության բարձրացման, հարակից խորհրդատվական ծառայությունների մատուցման միջոցառումներից, մինչև անգամ Բանկի կայքէջում առանձնացված տեղեկատվական հարթակի տրամադրում, հաջողված դեպքերի ներկայացում և Բանկի ռազմավարական զարգացման մեջ նմանատիպ ծրագրերի ներառում:

Կին գործարարների ֆինանսական աջակցության  կարևորությունը այժմ ևս չի նվազել, և այդ ծրագրերի առաջնահերությունը չի կորցրել արդիականությունը: Բայց դրանք, անշուշտ, կրել են զգալի փոփոխություններ. եթե նախկինում նման ծրագրերը սպառելու համար բավական մեծ աշխատանք էր տարվում կանանց շրջանում ֆինանսական գրագիտության կամ մարդկային ռեսուրսների հետ աշխատելու ունակությունը բարձրացնելու, համապատասխան մարքեթինգային արշավներ իրականացնելու ուղղությամբ, ապա այժմ դրանք արդեն արմատացել են և ունեն դինամիկ զարգացող բնույթ, իսկ կին ձեռներեցներն այս ընթացքում դարձել են ավելի հմուտ, համարձակ և նախաձեռնող:

Ըստ իս, շատ մոտ ապագայում ձեռներեցության մեջ սեռով պայմանավորված այդ տարբերակիչ բաժանարարները եթե չհավասարվեն, ապա էապես կմոտենան իրար:

  1. Ինչպիսի՞ն է Բանկի մոտեցումը կին աշխատակիցներին: Արդյո՞ք Բանկը հավասար պայմաններ է ապահովում իգական սեռի աշխատակիցների և նրանց առաջընթացի համար, և ինչ արժեքներ են ավելացնում կանայք Բանկի զարգացման համար:

Վերջերս Համաշխարհային բանկը հրապարակել էր կանանց զբաղվածության  վարկանիշային ցանկը,  համաձայն որի, կանանց զբաղվածության առումով աշխարհում առաջին տեղում է Հայաստանը՝ մոտ 53% ցուցանիշով։ Սակայն այս հարցում կարևոր է տարանջատել զբաղվածության մեջ կին ղեկավար օղակի հարաբերակցությունը շարքային կին աշխատակիցների նկատմամբ, որի ուղղությամբ, կարծում եմ, բոլորս անելիք ունենք:

Բանկը տարիներ շարունակ կարևորել է կին ղեկավարների ներկայությունը մեր կառույցում՝ կիսելով նաև աշխատանքում նրանց ներգրավվածության և  առաջընթացի վերաբերյալ միջազգային կառույցների համապատասխան մոտեցումները:

Նշեմ, որ Բանկում կին աշխատակիցների մասնաբաժինը 1000 աշխատակցի մեջ կազմում է մոտ 65%, որից մոտ 14%-ը զբաղեցնում է ղեկավար պաշտոն՝ բաժնի և վարչության պետեր, մասնաճյուղերի կառավարիչներ, իսկ բարձրագույն ղեկավարությունում՝ նրանց թիվը 4-ն է: Չառանձնացնելով կանանց դերը աշխատանքի արդյունքի ձևավորման մեջ՝ պարզապես կնշեմ, որ կանայք հետևողական և դրական առումով «անհանգիստ» մոտեցմամբ լրացնում են իրենց արական սեռի գործընկերներին:




Լրահոս