Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի կյանքից զրկման, ևս մեկի՝ վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել մայիսի 16-ին Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում տեղի ունեցած սպանության և սպանության փորձի դեպքից:

Նշվում է, որ կրակոցների հեղինակը փորձել է հատել ՀՀ պետական սահմանը, սակայն ձերբակալվել:

Հաղորդագրության համաձայն՝ մայիսի 16-ին՝ ժամը 22:55-ին, «Արտաշատի ԲԿ»-ից հաղորդում էր ստացվել այն մասին, որ թոքի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ:

Նույն օրը՝ րոպեներ անց՝ Ժամը 23:00-ին, հաղորդում է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից այն մասին, որ Ոստան գյուղում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձը Ոստան գյուղի 24-ամյա բնակիչ Հ.Խ.-ն է, իսկ հրազենային վնասվածքով դին՝ Արտաշատ քաղաքի 27-ամյա բնակիչ Վ.Վ.-ն:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում:

Նախնական տվյալներով դեպքի օրը՝ 2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ոստան գյուղի 35-ամյա բնակիչը հորեղբոր որդու՝ Ս.Ս.-ի հետ Ոստան բնակավայրի կենտրոնական փողոցում հանդիպել են համագյուղացի Հ.Խ.-ին, ով, որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, առաջարկել է հանդիպել բնակավայրի գերեզմանատան մոտ:

Ժամը 23:00-ի սահմաններում նշված վայրում հանդիպման ժամանակ, որին մի կողմից մասնակցել են Ի.Ս.-ն և Ս.Ս.-ն, իսկ մյուս կողմից՝ Հ.Խ.-ն, Վ.Վ.-ն և քննությամբ դեռևս չպարզված անձինք, վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում Ի.Ս.-ն, իր մոտ ապօրինի կերպով գտնվող հրազենով, Վ.Վ.-ին և Հ.Խ.-ին կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ։ Դրա հետևանքով Վ.Վ.-ն կրծքավանդակի հատվածում ստացած կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Հ.Խ.-ի առողջությանը պատճառվել է կյանքի համար վտանգավոր մարմնական ծանր վնաս, սակայն վերջինիս կյանքը հնարավոր է եղել փրկել՝ ցուցաբերված անհետաձգելի բուժօգնության արդյունքում:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Ոստան գյուղի 35-ամյա բնակիչը, ով դեպքից հետո փորձել է լքել ՀՀ պետական սահմանը, իրավապահների կողմից հայտնաբերվել է, ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և հարցաքննվել է՝ ներկայացնելով դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող կարևոր հանգամանքներ:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքերով «Վազ 2106» և «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենաները, որոնցով վիճաբանող կողմերը գնացել են հանդիպման, ինչպես նաև՝ փայտյա մահակ, կրակված և չկրակված պարկուճներ, կրակված հրազենի փամփուշտ, արնանման հետքեր։

Հարցաքննվել են երկու տասնյակից ավել անձինք, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ոստան գյուղի 35-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:




Լրահոս