Կին-«քահանան» իր բուժիչ հաբերով գժանոց է ուղարկել հավատացյալներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Նոր Խարբերդ ամառանոցային թաղամասում գտնվող «Կարմիր Ավետարան» «եկեղեցու» մասին Armlur.am այսօր զրուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավոր Վահրամ սարկավագ Կարապետյանի հետ, ով բավական հետաքրքիր տեղեկություններ տրամադրեց այդ կառույցի գործունեության մասին:

Նա միանշանակ ասաց, որ այդ կառույցը աղանդավորական գործունեություն է ծավալում, և տեղեկացրեց, որ եկեղեցին կառուցող կինը ՝  Աիդան, տարիներ առաջ ներկայանալով որպես բարերար հանձն էր առել եկեղեցու կառուցումը: Եղել է հիմնարկեք ՝ օրհնվել է եկեղեցու հիմքը, սակայն եկեղեցու կառուցման ավարտից հետո բարերարը խախտելով կարգը հրաժարվել է եկեղեցին ըստ կարգի հանձնել Մայր Աթոռին և եկեղեցին չի օծվել: Ներկայումս նա այդ եկեղեցին ծառայեցնում է իր շահերին:

Սարկավագը նշեց, որ Աիդան ՝  կին լինելով հանդերձ, այնտեղ մկրտության և պսակի ծեսեր է անցկացնում և ինքն է հանդես գալիս իբրև քահանա: Նրա ծեսերը չեն համապատասխանում կանոնին, նույնիսկ քարոզների տեքստերն են այլափոխված: Նա նաև զբաղվում է մոգությամբ ՝  թուղթ ու գրերով, գուշակություններով:

Այդ տիկինը իր փոքրաթիվ, բայց մշտական այցելուներին հավատացրել է, որ ինքը բժշկում է տարբեր հիվանդություններից: Վահրամ սարկավագը ասաց, որ ինքն անձամբ ճանաչում է ընտանիքներ, որոնք լուրջ տուժել են Աիդայի գործունեությունից: Նա ասաց, որ այդ տիկինը մարդկանց ներշնչում է, որ իբր սատանա կա իրենց մեջ և բժշկվելու համար նրանց ինչ-որ կլոր, շագանակագույն դեղահաբեր է տալիս, որն ընդունելուց հետո մարդիկ գժանոցում են հայտնվում:

Վահրամ սարկավագը համաձայնեց Armlur.am -ի այն դիտարկմանը, որ այդ գործողություններում շեշտված քրեական հանցակազմ կա և նշեց, որ տուժածները հրաժարվում են բողոքել այդ կնոջ դեմ: Ինքն, անգամ այդ ընտանիքներից մեկին փորձել է համոզել ոստիկանություն դիմել, երբ նրանց դուստրը գժանոցում էր հայտնվել, սակայն ծնողները կարծես զոմբիացած լինեին և չեն ցանկացել լսել այդ մասին, ու շարունակել են հաճախել այդ «եկեղեցին»: «Աղանդավորը իր համար մեղմ է ասված, նա սատանա է»,-ասաց Վահրամ սարկավագ Կարապետյանը՝ բնութագրելով Աիդային և մեջ բերեց տողեր Աստվածաշունչից, որտեղ ասվում է. « Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների դիմակով, բայց ներսից հափշտակող գայլեր են»:

Մարինե Բարսեղյան




Լրահոս