Շատ ենք խոսել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության ոչ պրոֆեսիոնալ, հաճախ զարմանք առաջացնող գործելաոճով հայկական ֆուտբոլը գլորվում է անդունդը: Պետությունից ստանալով հսկայական գումարներ՝ ՀՖՖ-ն սկսել է սպորտային միջոցառումներ հյուրընկալել ու դրանց անցկացման համար պետբյուջեից՝ հարկատուների հաշվին հարյուր միլիոնների գումարներ ստանալ, իսկ այդ միջոցառումներն ուղղակի կապ չունեն ֆուտբոլի զարգացման հետ: Օրինակ՝ ՀՀ կառավարությունը, մարտի 7-ի որոշմամբ, ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով ԿԳՄՍՆ-ին փոխանցեց 279 մլն 954 հազար դրամ: Մրցաշարը կայացավ, եզրափակիչ հանդիպումը մարդաշատ էր, սակայն կիսաեզրափակիչները՝ ոչ այնքան: Հասկանալի չէ, թե ինչու այդքան մեծ գումարներ տրվեց պետության կողմից մի միջոցառման, որը, մեծ հաշվով, ոչինչ չէր տալու: Իհարկե, միջոցառման կազմակերպիչնեը պատկառելի գումարներ աշխատեցին, բայց ֆուտբոլը չզարգացավ ու Հայաստանի ֆուտբոլային հեղինակությունը չաճեց: Հարց է օրինակ՝ եթե այդքան գումար տրամադրվեր սպորտային այլ ֆեդերացիայի, ապա ինչքան դրական արդյունքներ կունենային. բայց ոչ՝ պետությունը միշտ պատրաստ է «անհասկանալի» գումարներ շաղ տալ որեւէ արդյունք չտվող ֆուտբոլի ֆեդերացիային, որտեղ որոշիչ պաշտոններում են ՀԺ-ի նախկին լրագրող Արմեն Նիկողոսյանը ու այժմ ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնող, նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանը: Վերջինս, ի դեպ, ջերմ անձնական հարաբերություններ ունի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, որը կառավարությունից խնդրեց այդքան մեծ գումար: Հիմա էլ ՀՖՖ-ն Production-ի վերածած Արմեններն իրենց հիմնական գործը ու հավաքականների խայտառակ ելույթները թողած՝ նոր զբաղմունք են գտել, այն է՝ Վրաստանի հետ համատեղ 2029 թվականին անցկացնել աշխարհի երիտասարդական առաջնությունը: Իհարկե, հաճելի է խոշոր միջոցառում հյուրընկալելը, սակայն պետությունը պետք է պարզաբանի, թե ինչու հարկատուների հաշվին խոշոր գումարներ է տալիս հատկապես ՀՖֆ-ին, ու որտեղ է հաշվարկը, ուսումնասիրությունը, որով պարզ կդառնա այդ գումարների արդյունավետությունը, դրա նպատակահարմարությունը եւ արդոք ինչ ընկերություններ են մասնակցելու միջոցառումների կազմակերպմանը, շինարարական աշխատանքներին եւ այլն:
Հ.Գ. Վրաստանի հարկատուները թերեւս հարցեր չունենան իրենց կառավարությանը, քանզի այնտեղ ֆուտբոլն իսկապես զարգանում է, ու ոլորտը գտնվում է պրոֆեսիոնալների ձեռքում: Մեր հարեւաններն այս տարի պատմության մեջ առաջին անգամ մասնակցում են Եվրոպայի առաջնությանը, նրանց տարբեր տարիքային հավաքականները հիանալի արդյունքներ են գրանցում, ու Վրաստանի ֆուտբոլը փայլուն ապագա ունի: Ինչ վերաբերում է մեզ, ապա, մեղմ ասած, ոչ փայլուն հանդիպումներ են անցկացնում թե՛ Հայաստանի մեծահասակների հավաքականը, թե՛ տարբեր տարիքայինների ու կանանց հավաքականները: Գրանցված արդյունքների մասին եւս մեկ անգամ անդրադառնալու կարիք, թերեւս, չկա. որոշ դեպքերում գործ ունենք խայտառակ հաշիվների ու արդյունքների հետ: Սրան զուգահեռ՝ Արմենների ղեկավարած ֆեդերացիան անընդհատ կոնֆլիկտների մեջ է ակումբների հետ, մասնավորապես՝ նույնիսկ մարզադաշտ տրամադրելու խնդիր են ստեղծել Հայաստանի չեմպիոն «Փյունիկի»-ի համար. վերջինիս գլխավոր մարզիչը հայտարարեց, որ դիմել են ՈՒԵՖԱ-ին, որպեսզի ՉԼ խաղերը խաղան Թբիլիսիում: Ըստ լուրերի՝ խնդիրներ ունի նաեւ «Արարատ Արմենիա» ՖԱ-ն՝ կապված գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ. այս մարդկանց կառավարման տարիներին մամուլը բացմիցս խոսել է պայմանավորված խաղերի, բուքմեյքերների հետ փոխկապակցված թիմերի, խաղադրույքներում ներգրավված անձանց ու բարձրագույն խմբում հանդես եկող ակումբներում գտնվելու մասին, սրանից զատ՝ փակվել են «Լոռի», «Նորավանք», «Սեւան» եւ այլ ակումբներ, ավելին՝ կան հայ ներդրողներ, որոնք գնացել ու թիմ են պահում հարեւան Վրաստանում: Թե որքան է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պահելու արդյունք չտվող այս մարդկանց իր հովանու ներքո, դժվար է ասել, սակայն ֆուտբոլային երկրպագուների ու այս սպորտի սիրահարների շրջանում վաղուց արդեն հասունացել է բունտ, որը սպասում է փոքրիկ խայծի: Իսկ, մինչ այդ, ֆեդերացիան պահում է ջերմ հարաբերություններ իշանական տարբեր աթոռների «հայտնվածների» հետ՝ նրանց հավաքականի ինքնաթիռով արտասահման տանելով կամ խաղերի ժամանակ կառավարական օթյակում նստատեղ հատկացնելով:
Իհարկե, մենք փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ՀՖՖ-ից՝ վերը նկարագրվածի մասին. սակայն անպատասխան մնացին մեր զանգերը եւ երկար ժամանակ է, ինչ ՀՖՖ-ն անպատասխան է թողնում մեր հարցերը:
Մինչ «Հայփոստ» ՓԲԸ-ն գահավիժում է` արձանագրելով աստղաբաշխական վնասներ, այնտեղ հանգրվանած ՔՊ պատգամավորի կինը հերթական ֆինանսական «բարձունքն» է ապահովում։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հայկ Կոնջորյանի կնոջ տարեկան աշխատավարձը «Հայփոստում» 2021-ին 6.8 միլիոն դրամ էր, 2022-ին՝ 9.5 միլիոն, ապա 2023-ին՝ արդեն 10.5 միլիոն դրամ։ Ի դեպ, Շուշան Ալեքսանյանի աշխատավարձը 6 անգամ գերազանցում է կազմակերպության 3064 աշխատակիցների միջին աշխատավարձը, որոնց տարեկանը 1.8 միլիոն դրամ է` Ալեքսանյանի 10.5 միլիոնի համեմատ։ Հիշեցնենք, որ Փաշինյանը իշխանության եկավ «թալանից փրկելու» լոզունգներով։ Հ.Գ. Հիշեցնենք, որ «Հայփոստ» ՓԲԸ 100% բաժնետերը ՀՀ կառավարությունն է:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվությանը զուգահեռ՝ ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է քննչական կոմիտեի ԱԱԾ քննիչների պաշտոնների բարձրացման գործընթացը։ Երեկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գեւորգ Հայրապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից: Թե նշանակումները ինչ հետեւանք կունենան ակցիայի մասնակիցների գործողությունների վրա, ցույց կտան իրադարձությունները։ Փաստ է մեկ բան՝ նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը նոր պաշտոնների նշանակումներով։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում որոշում կա՝ ընդդիմության նախաձեռնած կառավարության հրաժարականի օրակարգով նիստին քվորում չապահովելու ու նիստը տապալելու: Այսպիսով, ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 11-ին կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել: ԱԺ խորհրդի նիստին, սակայն, ՔՊ-ն միաձայն մերժեց այսօր արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը: Օրենքի ուժով՝ արտահերթ նիստը կկայանա հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 17-ին: Արդեն իսկ կա ԱԺ նախագահի կարգադրությունն այդ մասով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ՝ ԱԺ խորհրդի նիստից հետո, ՔՊ-ն խմբակցության նիստի ժամանակ եւս այս հարցը քննարկել է: Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց օրակարգում կառավարության հրաժարականի հարց չկա. ուստի այդ օրը չեն գնա եւ քվորում չեն ապահովի, այսինքն՝ կտապալվի նիստը: Ընդ որում, ՔՊ-ում տարաձայնություններ այս մասով չեն էլ եղել, բոլորը միաձայն այն կարծիքին են եղել, որ ընդդիմության նախաձեռնած նիստը՝ կառավարության հրաժարականի հարցով, չպետք է կայանա, որքան մարդ ուզում է հավաքվի փողոցում: