Ռուսաստանից տուրիստական հոսքը կրճատվել է․ որ երկրներից են ավելի շատ զբոսաշրջիկներ այցելել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարբեր հանգամանքներով պայմանավորված այս տարի Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի նվազման միտում է նկատվում։

Այս մասին պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ նաև Ռուսաստանից տուրիստական հոսքն է կրճատվել։

«Բացարձակ թիվը, գուցե, նվազել է, բայց «Կացություն և հանրային սննդի կազմակերպում» տողում ունենք 9.3, իսկ «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» տողում՝ 1.1 տոկոս աճ: Սա, կարծում եմ, պայմանավորված է այն հանգամանքով, որ, ցավոք, մեր երկրում զբոսաշրջության իրական վիճակը բնութագրող ցուցանիշում չի հստակեցվում, թե ում ենք համարում զբոսաշրջիկ:

Տեսնում ենք, որ չնայած զբոսաշրջիկների բացարձակ թվի կրճատմանը՝ իրական զբոսաշրջիկներն ավելի շատ ծախսեր են կատարել: Այստեղ, իհարկե, կան նաև կարևոր այլ հանգամանքներ: Մասնավորապես այն, որ, եթե անցյալ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների 50 տոկոսը Ռուսաստանից էին, ապա հիմա 40 տոկոսն է: Փոխարենը, ավելացել է Հնդկաստանից, ԱՄԷ-ից և մի քանի այլ երկրներից եկած զբոսաշրջիկների թիվը»,- տեղեկացրեց Պապոյանը։

Անդրադառնալով երկրի տնտեսական մյուս ցուցանիշներին՝ նա նշեց, որ 2024-ի առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքն աճել է 9.2 տոկոսով: Ցուցանիշը հիմնականում ապահովել են արդյունաբերության, շինարարության և առևտրի ոլորտները:

«Մի քիչ ավելի ցածր աճ ենք ունեցել գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտում: Կարծում եմ՝ շատ կարևոր է ապրանքների և ծառայությունների արտահանման աճի արձանագրումը: Արտահանումն աճել է մոտ 104, իսկ ներմուծումը՝ 78 տոկոսով: Հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի 13.2 տոկոս աճ ենք ունեցել»,- ասաց նախարարը:




Լրահոս