ՊԵՏՔ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ՍՏԵՂԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու օր առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Բաղրամյան պողոտայում ցուցարարներին հայտնեց, որ հունիսի 17-ին՝ եկող երկուշաբթի օրը, պետք է ԱԺ նիստ տեղի ունենա՝ կառավարության հրաժարականի օրակարգով։

Նշենք, որ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ այս մասին հայտնել էր, որ ՔՊ խմբակցությունը չի պատրաստվում ներկա գտնվելու այդ նիստին եւ այդպիսով քվորում չի ապահովվի։
Արծվիկ Մինասյանի՝ երեկվա հայտարարությունը ոչ միանշանակ էր ընդունվել շատերի կողմից, որոնցից մեկն էլ իրավաբան Գեւորգ Պետրոսյանն է։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել իրավաբան Գեւորգ Պետրոսյանի հետ, որն իր ֆեյսբուքյան անձնական էջում անդրադարձել էր այս թեմային, պարզելու համար, թե ինչն է իր զարմանքի պատճառը՝ կապված Արծվիկ Մինասյանի հայտարարության հետ։
Գեւորգ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կա երկու ճանապարհ այս հարցի լուծման համար՝ արյունոտ եւ անարյուն։
«Այսօր մենք ունենք անարյուն ճանապարհ եւ արյունով՝ հավանական լեցուն ճանապարհ։ Հիմա, եթե ԱԺ-ն պաշարեն, գրոհեն, չգիտեմ՝ ինչ անեն, բնական է, այնտեղ լինելու են բռնաճնշումներ ոստիկանության կողմից, որն այսօր ծառայում է մի հոգու «հետնամասերը ապահովագրելու» համար. ուրիշ ոչ մի առաքելություն չի իրականացվում, եւ երկրորդը՝ անարյուն ճանապարհ։ Հիմա ես՝ որպես իրավաբան, անարյուն ճանապարհն այսպես եմ տեսնում, որ խորհրդարանական ընդդիմությունն ամբողջությամբ վայր դնի մանդատը եւ ստեղծի խորհրդարանական ճգնաժամ. ուրիշ լուծում չկա։ Ճիշտ է, սահմանադրությամբ ուղղակիորեն գրված չէ, որ ընդդիմության բացակայությունը մեխանիկորեն առաջացնում է Ազգային ժողովի լուծարում, բայց մենք ունենք նորմատիվ իրավական ակտերի մասին օրենք, համաձայն որի (41-րդ հոդվածն է)՝ իրավական նորմերը պետք է ենթարկվեն համակարգային մեկնաբանման, իսկ սահմանադրության բազմաթիվ նորմերի՝ 88-րդ հոդվածի առաջին մասի, երրորդ մասի, 104 հոդվածի, 105 հոդվածի՝ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 16 հոդվածներում օգտագործվում է «ընդդիմադիր խմբակցություն» հասկացությունը, հետեւաբար, դա նշանակում է ուղղակիորեն, որ այդ համակարգային մեկնաբանման արդյունքում, եթե Ազգային ժողովում չկա ընդդիմություն, այդ Ազգային ժողովը լեգիտիմ չէ։ Հիմա, եթե մենք հնարավորություն ունենք անարյուն ճանապարհով լուծելու Ազգային ժողովի հարցը, եւ դրան հաջորդեն նոր ընտրություններ, եւ բնականաբար նաեւ նոր ընտրված Ազգային ժողովի կողմից վարչապետի ընտրություն, մենք հիմա ինչո՞ւ ենք ժողովրդին տանում անորոշության, արյունահեղության։ Սա է իմ ասածը»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Է ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերյան ընտրությունների նախաշեմին կարողացել է հետ բերել խոշոր դոնորների աջակցությունը, որոնք իրենից հեռացել էին 2021թ. հունվարի 6-ին՝ Կապիտոլիումի դեմ գրոհից հետո։ Թրամփը 2024թ. նախագահական մրցարշավ է մտել «Ուոլ Սթրիթում եւ ունեւոր հանրապետական դոնորների շրջանում վտարված լինելով», բայց իրավիճակը փոխվել է, եւ 2021թ. հունվարի իրադարձություններից հետո Թրամփից երես թեքած ֆինանսիստները նորից նրա կողմն են անցել։ Նրանց մեջ են ամերիկյան Blackstone ներդրումային ընկերության ղեկավար, միլիարդատեր Սթիվ Շվարցմանը եւ «հյուրանոցային մագնատ» Միրիամ Ադելսոնը։ Բացի այդ, հունիսի 13-ին ԱՄՆ նախկին նախագահը նախատեսում է Վաշինգտոնում հանդիպել ամերիկյան որոշ խոշոր կորպորացիաների ղեկավարների հետ։ Հանդիպման 100 մասնակիցների մեջ կարող են լինել JPMorgan Chase, Citigroup եւ Bank of America բանկերի ղեկավարներ Ջեյմի Դայմոնը, Ջեյմ Ֆրեյզերը եւ Բրայան Մոյնիհանը։
Bloomberg-ի կարծիքով՝ կարեւոր պատճառներից մեկը, որով ԱՄՆ միլիարդատերերը պատրաստ են աջակցել Թրամփին, նրա մոտեցումն է հարկերին։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Ռուսաստանը հաշվի է առնում Հարավային Կովկասի քաղաքական եւ տնտեսական իրողությունները: Այս մասին հունիսի 12-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Ռազմական տնտեսագիտության եւ ռազմավարության ինստիտուտի գիտական ղեկավար Դմիտրի Տրենինը։
«Ռուսաստանը կայսրություն չէ, մենք դուրս ենք եկել կայսերական դարաշրջանից, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ Անդրկովկասի համար պայքար չկա։
Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ շատ բարդ են, դրանք համատեղում են համագործակցության եւ փոխգործակցության տարրերը մրցակցության տարրերի հետ, բարեբախտաբար, դեռեւս ոչ թշնամական:
Ռուսաստանը ձգտում է ամեն կերպ խուսափել թշնամանքից, ինչպես եւ Թուրքիան։ Այսօր ոչ ոք Թուրքիայի հետ կապված պատրանքներ չունի։ Բայց այս երկիրն այսօր Ռուսաստանի շատ կարեւոր կոնտրագենտ է։
Ռուսաստանը փորձեց, եւ մասամբ հաջողվեց, 2020 թվականին ղարաբաղյան հակամարտության հետ կապված բարդ իրավիճակում հասնել եռակողմ հայտարարության, այլ ոչ քառակողմ եւ համաձայնվել ռուս-թուրքական առաքելության շրջանակում Թուրքիայի պաշտոնական ռազմական ներկայությանը։
Հետո, իհարկե, կարելի էր Թուրքիային խարանել, բայց ի՞նչ կշահեր Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը սրանից։ Մեկ այլ ճակատ:
Ռուսաստանն այսօր ավելի քիչ ռեսուրսներ ունի, քան նախկինում ուներ Ռուսական կայսրությունը Օսմանյան կայսրության հետ հարաբերություններում եւ ավելի քիչ ռեսուրսներ, քան ԽՍՀՄ-ը։
Այնպես չէ, որ Ռուսաստանը համաձայն է թուրքական ազդեցության մեծացմանը, Ռուսաստանը դա պարզապես դիտարկում է որպես աշխարհաքաղաքական իրողություն։
Ռուսաստանի Դաշնության ապագան կախված կլինի նրանից, թե ինչպես, երբ եւ ինչպես կավարտվի հատուկ ռազմական գործողությունը։
Եթե Ռուսաստանը հասնի հաղթանակի, ապա բոլորովին այլ իրավիճակ կլինի, եւ Ռուսաստանը շատ ավելի ակտիվ կգործի այլ ուղղություններով, եւ դա գիտի Թուրքիան, որն իր դիրքորոշումն է ընդունել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ, եւ այդ դիրքորոշումը ռուսամետ չէ» – ընդգծել է Տրենինը:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՃՆՇՈՒՄ Է ԶԼՄ-ՆԵՐԻՆ ԵՎ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻՆ
Ադրբեջանի կառավարությանը մեղադրել են ՄԱԿ-ի կարեւորագույն կլիմայական բանակցությունները (COP29) հյուրընկալելու նախաշեմին ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ակտիվությունը ճնշելու համար, հայտնել է The Guardian-ը՝ նշելով, որ հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը պարզել է նախորդ տարում առնվազն 25 լրագրողի եւ ակտիվիստի ձերբակալման դեպք:
Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանը նոյեմբերին՝ երկու շաբաթվա ընթացքում, կհյուրընկալի ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովը, եւ ակնկալվում է, որ մոտ 200 երկրի կառավարություն, ներառյալ տասնյակ պետությունների ղեկավարներ, կմշակեն նոր գլոբալ մոտեցում կլիմայական ճգնաժամը լուծելու նպատակով անհրաժեշտ միջոցներ տրամադրելու համար: Շատ ակտիվիստներ եւ քաղաքացիական հասարակության խմբեր խոսել են իրենց մտահոգությունների մասին առ այն, որ կլիմայի հարցերի վերաբերյալ քարոզչությունը ճնշվում է լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների պատճառով:
Ակտիվիստներն իրենց մտահոգությունները բարձրացրել են Բոննում, որտեղ տեղակայված է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) քարտուղարությունը: Բոննում բանակցությունների շենքի մուտքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել քննարկումների ժամանակ: Մասնակիցները կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող 23 հայ քաղբանտարկյալներին։ Որոշ ցուցարարներ Ադրբեջանի կառավարությանը մեղադրել են ցեղասպանության համար։
Unilever ընկերության նախկին գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը, որն այժմ քարոզարշավ է իրականացնում կլիմայի եւ մարդու իրավունքների հարցերով, նշել է, որ ցանկանում է COP29-ն օգտագործել որպես հնարավորություն միջազգային հանրության համար՝ խոսելու բանտարկյալների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի մասին, ինչի վերաբերյալ նա լուրջ մտահոգություններ ունի:
Ադրբեջանի կառավարությունը հերքել է ակտիվիստների պնդումները։
«Մենք լիովին մերժում ենք Ադրբեջանում իրավապաշտպանների եւ լրագրողների դեմ բռնաճնշումների մասին պնդումները։ Ադրբեջանում ոչ ոք չի հետապնդվում քաղաքական համոզմունքների կամ գործունեության պատճառով»,- նշել է իշխանությունների ներկայացուցիչը։




Լրահոս