ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցող Էլիս Էդվարդսին ներկայացրած դիմում-բողոքում Ջարեդ Գենսերը եւ նրա թիմը շեշտել են Ադրբեջանի կառավարության կողմից խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին:
Ադրբեջանում կալանավորված քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հունիսի 13-ին հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։
Չափազանց մեծ մտահոգություն է հարուցում այն, որ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը եւ միջազգային փաստաբանը տեղեկացել են, որ 2024 թվականի ապրիլին հայտարարված հացադուլի ժամանակ Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, զրկել են խմելու ջրի հասանելիությունից, քնելու եւ արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից։ Տեղեկություն չկա, թե որքան ուժեղ են եղել այդ ամենի արդյունքում նրան հասցված հոգեբանական եւ ֆիզիկական վնասները։
«Ռուբեն Վարդանյանը հայտնի մարդասեր եւ բարերար է, որը երկար տարիներ շարունակ պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները: Հատկանշական է, որ Ադրբեջանը նրան դիտարկում է որպես սպառնալիք, նրան փորձում են լռեցնել կամայական կալանքի միջոցով, իսկ վերջին շրջանում էլ՝ խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի միջոցով: Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ իրեն լուրջ վերաբերվեն միջազգային հարթակում, եւ որ COP29-ը դառնա «Խաղաղության COP», ապա պետք է դադարեցնի Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը եւ անհապաղ կերպով ազատ արձակի նրան եւ Լեռնային Ղարաբաղի մյուս քաղբանտարկյալներին», -ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը:
2024 թվականի ապրիլի 5-25-ը Ռուբեն Վարդանյանը հացադուլ էր հայտարարել՝ ի նշան բողոքի իր եւ մյուս հայ բանտարկյալների քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դեմ։ Ի պատասխան՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նախաքննական մեկուսարանի պաշտոնյաները Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, որտեղ էլ նրան պահել են ողջ հացադուլի ժամանակ։
Մենախցում լույսը վառված է եղել շուրջօրյա, ինչն էլ հանգեցրել է անքնության եւ հյուծման։ Բացի դրանից, նրան ստիպել են երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ եւ ավելի քան երկու օր զրկել են խմելու ջրից։ Ավելին, նրան թույլ չեն տվել լողանալ եւ փոխել հագուստը, չեն հատկացրել զուգարանի թուղթ, արգելել են գիրք կամ կարդալու որեւէ նյութ վերցնել, նա զրկված է եղել անկողնու սպիտակեղենից:
Հատկապես մտահոգիչ է այն փասը, որ ո՛չ Վարդանյանի փաստաբանին, ո՛չ որեւէ մեկին, այդ թվում՝ տեղի Մարդու իրավունքների պաշտպանին, չեն թույլատրել հացադուլի ժամանակ այցելել Վարդանյանին, իսկ նրա շփումն արտաքին աշխարհի հետ (օրինակ՝ ընտանիքի հետ հեռախոսազանգերը) դադարեցվել է։
Այս վերաբերմունքով, որը նպատակաուղղված է եղել հացադուլի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում քաղաքական գործունեության եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության համար Վարդանյանին պատժելուն, Ադրբեջանը կոպտորեն խախտում է Խոշտանգումների դեմ կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի՝ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ վերանայված կանոնները: Ցավոք, Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքն ամենեւին էլ զարմանալի չէ. Ադրբեջանը հայտնի է եւ լավ փաստագրված պատմություն ունի թե՛ քաղբանտարկյալներին ընդհանրապես, թե՛ մասնավորապես էթնիկ հայ կալանավորներին խոշտանգելու հարցում: Հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի ազգային պատկանելությունը, Լեռնային Ղարաբաղի կառավարությունում նրա՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակը, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի բացահայտ քննադատությունը, ինչպես նաեւ նրան կալանքի տակ պահելը Պետական անվտանգության ծառայության ներքո (որը տխրահռչակ համբավ ունի էթնիկ հայերի խոշտանգումների հարցում), Վարդանյանը գտնվում է հետագա խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի վերահաս վտանգի տակ:
«Մենք ցնցված էինք՝ իմանալով, թե ինչ սարսափների միջով է անցել հայրս։ Սարսափելի է անգամ մտածել, թե ինչ են անում Ադրբեջանում ոչ այդքան հայտնի բանտարկյալների նկատմամբ, որոնք նման միջազգային աջակցություն չեն ունեցել, ինչպես հայրս։ Հանուն Ադրբեջանում պահվող բոլոր քաղբանտարկյալների՝ լինեն հայեր, ադրբեջանցիներ կամ որեւէ այլ ազգության ներկայացուցիչներ, նմանօրինակ անմարդկային վերաբերմունքը բանտարկլայների նկատմամբ պետք է դադարեցվի։ Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել եւ օգնել պաշտպանելու հորս կյանքը»,-նշել է Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը:
Բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, ազգային կառավարություններ եւ միջազգային կառույցներ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին եւ Լեռնային Ղարաբաղի մյուս քաղբանտարկյալներին։ Օրինակ՝ 2024 թվականի հունիսի 11-ին, ամերիկացի Սենատոր Էդ Մարքին՝ Սենատի բարձր ամբիոնից, կոչ էր արել ազատ արձակել բանտարկյալներին, առանձնահատուկ կերպով նշելով եւ դատապարտելով Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը:
13 ԳԻՏՆԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԿԱՆՑՆԻ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2023թ. նոյեմբերին կազմակերպված «Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը։ Ֆինանսավորման է երաշխավորվել 13 ծրագիր։
Այսպիսով՝ Հայաստանի տարբեր գիտական կազմակերպությունների 13 երիտասարդ հետազոտող մասնագիտական վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի եւ այլ երկրների առաջատար համալսարաններում ու գիտական կենտրոններում։ Ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամաններով հաստատվել են ավելի վաղ կազմակերպված եւս երկու մրցույթների արդյունքները։
Մասնավորապես՝ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «Postdoc-Armenia 2024»» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված հայտերի ցանկը ։ Այս մրցույթի շրջանակում ֆինանսավորման է երաշխավորվել 3 նախագիծ։
ԿԳՄՍ նախարարի մեկ այլ հրամանով հաստատվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված հայտերի ցանկը։ Այս դեպքում եւս ֆինանսավորման է երաշխավորվել 3 նախագիծ։
ԷԺԱՆ ԳՆՈՎ ՀՈՂ Է ՕՏԱՐԵԼ
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի 2024թ. մայիսի 2-ի թիվ 538-Ա որոշմամբ 2024թ. հունիսի 3-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 473.5քմ հողամաս (Լոտ-36 (ՔՀ-24)), Դիլիջան քաղաքի, Մ. Գորկու փողոց, թիվ 9/3 հասցեում, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 5208500 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 5208500 դրամ առավելագույն գնով հաղթել է «Գրիին Ռոք Մենեջմենթ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (գտնվելու վայրի հասցեն՝ քաղաք Երեւան, Ե. Կողբացու փողոց, թիվ 36/3, տնօրեն՝ Վարազդատ Ներսիսյան), որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 6 արձանագրությունը: Հունիսի 6-ին համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է հաստատել այդ հանձնաժողովի թիվ 6 արձանագրությունը եւ նշված հողամասը հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով օտարել «Գրիին Ռոք Մենեջմենթ Գրուպ» ՍՊԸ-ին։ Նշենք, որ աճուրդում հողամասի մեկնարկային եւ առավելագույն գինը նույնն է եղել՝ 5208500 դրամ։ Դիլիջանի Մ. Գորկու փողոցում 473 քմ մակերեսով հողամասի շուկայական գինը մի քանի անգամ գերազանցում է 5 միլիոն 200 հազար դրամը։ Մտեք list.am եւ «Դիլիջանցիք» կայքեր, եւ կտեսնենք, թե Դիլիջան քաղաքում որքան բարձր են հասարակական նշանակության օբյեկտների կառուցման համար նախատեսված հողերի շուկայական գները։ Հավելենք, որ «Գրիին Ռոք Մենեջմենթ Գրուպ» ՍՊԸ-ի ինտերնետային էջում որպես այդ ընկերության հիմնադիր նշված է Դիլիջանում ծնված, Շվեյցարիայում ապրող Մարետա Գեւորկյանը, ով «Էվոկաբանկի» 100 տոկոս բաժնետմոսերի սեփականատերն է, ՀՀ քաղաքացի է, Շվեյցիարիայի ռեզիդենտ։
ԱՐՑԱԽՆ ՈՒՐԱՑԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Տավուշի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը հայտնում է. «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները այցելել են Նոյեմբերյան համայնք, հանդիպել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին եւ իրազեկել Կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին»։ Հայաստանի կառավարության գործունեության հետեւանքով է Արցախը հայաթափվել, արցախցիները հայրենազուրկ, տնազուրկ են դարձել, Արցախն ուրացած, այն Լեռնային Ղարաբաղ կոչող, այն Ադրբեջանի մաս համարող կառավարության մասին գրելիս ինչո՞ւ եք այն մեծատառով գրում, հայրենիք ուրանալը հարգարժա՞ն գործ է ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ