Ավազակային հարձակում՝ Դիլիջանի հյուրանոցներից մեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 6-ին, դիմակավորված և դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Դիլիջան քաղաքում հայտնի «Best Western Paradise Hotel» հյուրանոցային համալիրում դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. հափշտակել են չհրկիզվող պահարանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 02:35-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված մոտեցել է Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում գործող «Best Western Paradise Hotel» հյուրանոցային համալիրի հետնամասի 1-ին հարկի պատշգամբին, որտեղ հարձակվել է հյուրանոցային համալիրի ադմինիստրատոր-գանձապահի վրա, ոտքով հարվածել նրա կրծքավանդակին, գցել գետնին ու բաց դռնով մտել ներս, ձեռքին եղած դանակը պահել է ադմինիստրատոր-գանձապահ 23-ամյա Վրեժ Հ.-ի պարանոցին ու պահանջել է, որպեսզի նա ցույց տա՝ որտեղ է գտնվում հավաքված գումարը: Այնուհետև, դրամարկղի տեղն իմանալով, բացել է և այնտեղից հափշտակել մոտ 600 հազար դրամ: Այդ ամենը անելուց հետո նա դարձյալ Վրեժ Հ.-ից պահանջել է, որպեսզի նա հայտնի այլ գումարի տեղ, որից հետո, տեղեկանալով չհրկիզվող փոքրիկ պահարանի տեղի մասին, փորձել է բացել, սակայն տեսնելով, որ չի կարողանում, վերցրել է չհրկիզվող պահարանը և նույն պատշգամբից դուրս է եկել ու դիմել փախուստի:

Ոստիկաններն ու պարեկները, ապա նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի քննիչները անտառում հայտնաբերել են գողացված չհրկիզվող պահարանը՝ փակ վիճակում: Արդեն տեղում ադմինիստրատոր-գանձապահը բացել է չհրկիզվող պահարանը, որում եղել է մոտ 490 հազար դրամ:

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում «ավազակություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս