ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում սեռաբջիջը կարող են նվիրատվություն կատարել, արտահանել, ներմուծել․ մինչև 8 շաբաթական հղիության դեպքում կթույլատրվի դեղորայքային ընդհատումը․ ՔՊ-ականների նոր աղմկահարույց նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կթույլատրեն հղիության ընդհատումը դեղորայքով՝ ամբուլատոր կամ հիվանդանոցային պայմաններում, սեռաբջիջը կարող են նվիրատվություն կատարել, արտահանել, ներմուծել, իսկ սուրոգատ կնոջ համար նախատեսված տարիքը կբարձրացվի։

ՔՊ-ական պատգամավորները հերթական աղմկահարույց նախագիծն են հեղինակել, որն այս շաբաթ կքննարկվի ԱԺ արտահերթ նստաշրջանում։
«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի հեղինակները ՔՊ–ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Տաթևիկ Գասպարյանը և Լենա Նազարյանն է։

Գործող օրենքով միայն հիվանդանոցային պայմաններով և գործիքային մեթոդներով են թույլատրում հղիության արհեստական ընդհատումը, ՔՊ-ականներն առաջարկում են ավելի հասանելի դարձնել սա և մինչև 8 շաբաթական հղիության դեպքում թույլատրել դեղորայքային արհեստական ընդհատումը՝ գինեկոլոգիական լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, ինչպես ամբուլատոր, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումով նախատեսվում է մինչեւ 12 շաբաթական հղիության արհեստական ընդհատում, Հայաստանում որոշել են շեմը իջեցնել:

ՔՊ-ականներն առաջարկում են նաև ՀՀ-ում թույլատրել սեռաբջջի նվիրատվությունը, արտահանումը և ներմուծումը․

«Կարգավորումներ կան նաեւ սեռաբջիջների պահպանման, արտահանման, ներմուծման, ոչնչացման հետ կապված: Սա քննարկել ենք մեր բժշկական կազմակերպությունների հետ: Գործող օրենսդրությամբ որեւէ կարգավորում չկար, թե իրենք ինչ պետք է անեն այն սեռաբջիջները, որոնք չեն օգտագործվել: Հիմա կարգավորումներ ենք մտցրել, որ կենսաբանական ծնողը կարողանա նվիրատվություն կատարել սեռաբջիջը բժշկական կազմակերպությանը, արտահանել, ներմուծել: Բժշկական կազմակերպություններին իրավասություն են տվել կատարել ոչնչացում կենսաբանական ծնողի կամ ծնողների թույլտվությամբ: Նաեւ որոշակի սահմանափակումներ ենք մտցրել ազգությամբ ոչ հայերի համար, հաշվի առնելով կարիքը՝ առավելությունը տվել ենք ազգությամբ հայերին»,- այսօր ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

ՔՊ-ականների հեղինակած նախագծով առաջարկվում է նաև փոխնակ մայր ծառայություններից օգտվողների տարիքային շեմը բարձրացնել 53-ից 55, իսկ սուրոգատ մոր տարիքը 35-ից բարձրացնել 38։
Նախագծով առաջարկվում է նաև փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաեւ հղիությունը կրելու բժշկական հակացուցում չունեցող կնոջ նկատմամբ։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս