Ջավախահայերին զանգվածաբար ռուսական անձնագրեր չեն բաժանում. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը «ՉԻ»-ի հետ զրույցում անհեթեթություն համարեց նախօրեին վրացական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե ջավախահայերին Թբիլիսիում զանգվածաբար ռուսական անձնագրեր են տալիս։

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները հրապարակել էին Վրաստանի առաջին նախագահի որդու՝ Կոնստանտին Գամսախուրդիայի հայտարարությունը, որի համաձայն՝ Թբիլիսիում գտնվող Ռուսաստանի նախկին դեսպանատանը էթնիկ հայերի հերթեր են գոյացել. վերջիններիս ՌԴ անձնագրեր են բաժանում։ Նրա խոսքով՝ Վրաստանի էթնիկ հայ բնակչության մեծամասնությունն արդեն ստացել է ռուսական անձնագրեր։ «Դրանք նրանց բաժանել են վաուչերների պես»,–ասել էր նա՝ ընդգծելով, որ այդ տեղեկությունն իրեն փոխանցել են կոնկրետ մարդիկ։

Արտակ Գաբրիելյանն ասաց, որ տեղեկությունը ստուգել է Թբիլիսիից և պարզել, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Նա պարզաբանեց, որ 2008 թվականին՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո, մինչև հիմա որպես երկու երկրների միջնորդ–դեսպանատուն հանդես է գալիս Շվեյցարիայի դեսպանատունը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս