«ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱ Է ԳՈՐԾՈՒՄ». ՈՍԿԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում կայացել է «Սահմանադրության փոփոխության հրամայականը» թեմայով քննարկում, որին հրավիրված են եղել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր գործիչներ: Իշխանության ներկայացուցիչները քննարկմանը չեն մասնակցել:

 

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քննարկման մասնակիցներից իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ:

-Պարոն Ոսկանյան Ձեր գրառումներում անդրադարձել էիք Իրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացմանը: Սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ: Արդյո՞ք Իրանը այդպիսով քայլ արեց՝ ցույց տալով, որ Ադրբեջանի հետ փորձում է նոր հարաբերություններ զարգացնել:

-Նման բան չկա: Գիտեք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում ադրբեջանական դեսպանատունը փակել էր հենց Ադրբեջանի կառավարություն կոչեցյալը՝ 2023 թվականի հունվարից ի վեր, եւ հենց իրենք էլ բացեցին դեսպանատունը: Իրանը որեւէ դեսպանատուն չէր փակել, որպեսզի բացեր. հետեւաբար, այս իմաստով սա ոչինչ չի նշանակում: Պարզապես ադրբեջանական կողմը եւ հենց բռնապետի քարոզչամեքենան այս փաստը փորձում է հենց մեր դեմ օգտագործել՝ փորձելով ցույց տալ, որ Իրանում նոր նախագահ գա, որին իրենք չակերտավոր կոչում են «ադրբեջանցի», ինչի արդյունքում Իրանի-Ադրբեջան հարաբերությունները մտել են զարգացման բոլորովին նոր փուլ: Սակայն իրականում նման որեւէ բան դեռեւս չկա: Բացի դրանից՝ այսպիսով Ադրբեջանի իշխանությունը փորձում է սեփական հասարակությանը համոզել, քանի որ այդ նույն քարոզչամեքենան ուռճացրել էր Իրանի նորընտիր նախագահի ծագման հարցը՝ նրան կոչում էին «ադրբեջանցի»:

-Ի՞նչ հիմքով, պարո՛ն Ոսկանյան:

-Որեւէ հիմք չկա: Դա նույնն է, եթե մենք փորձենք ամերիկացիներին կոչել անգլիացի, կամ անգլիացիներին կոչել ամերիկացի՝ միայն այն հիմքով, որ երկու էթնիկական խմբերն էլ խոսում են անգլերենով: Կամ, օրինակ, գերմանացիներին կոչենք ավստրիացի, կամ ավստրիացիներին՝ գերմանացի: Դա պարզապես նույն լեզվով խոսելու հանգամանքով է պայմանավորված՝ չխոսելով նրա մասին, թե լեզվաբանական որքան տարբերություններ ունենք, գրական մեծ տարբերություններ՝ ատրպատականում խոսվող թյուրքերենի եւ Ադրբեջանում խոսվող ադրբեջաներենի միջեւ:

Իրանի նորընտիր նախագահը՝ Մասուդ Փեզեշքիանը իրանցի է, հակառակ դեպքում չէր կարող մասնակցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրություններին եւ դառնալ նախագահ:

Պետք է նշել, որ այս առումով որեւէ նոր հարաբերություն երկու պետությունների միջեւ չկա: Ավելին՝ դրական ազդակներ եղան հենց Փեզեշքիանի կողմից, ով Հայաստանի եւ Իրանի միջեւ անցնող սահմանը կոչեց «Հույսի սահման», որը տեղավորվում է Իրանի հոգեւոր առաջնորդի նախանշած շրջանակի մեջ: Ըստ Իրանի հոգեւոր առաջնորդի՝ ՀՀ-Իրան սահմանը հազարամյակների սահման է, որը չի կարող խախտվել, փակվել կամ չգործել. դա Իրանի համար կարմիր գիծ է: Այս համատեքստում նորընտիր նախագահի դիրքորոշումները համապատասխանում են Իրանի հոգեւոր առաջնորդի նախագծած շրջանակին:

Մի շատ կարեւոր հանգամանք էլ կա. այս ուռճացված առասպելը առ այն, որ Փեզեշքիանը ադրբեջանցի է, կարող է հենց Բաքվի բռնապետի դեմ աշխատել, քանի որ այս դեպքում միջին վիճակագրական ադրբեջանցին սկսում է Իրանի նախագահ ընդունել՝ որպես իր նախագահ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի գործով դատարանը գնացել է որոշում կայացնելու: Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի միջադեպով վճիռ կհրապարակվի: Ինչ է սպասվում Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։

2023 թվականի մարտի 31-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում պատասխանել էր ամբարտավան պահվածք դրսեւորած հանձնաժողովի նախագահին, որը պարծեցել էր, թե՝ ոնց ուզեմ՝ կխոսեմ, ապա բռունցքով հարվածել էր ՔՊ պատգամավորի ձախ հոնքին:

Քրեական գործը 2023 թվականի ապրիլի 25-ին մտել է դատարան, եւ Մհեր Սամվելի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել:

Այս գործով դատարան էին հրավիրվել ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավորներ Արփի Դավոյանը եւ Ալխաս Ղազարյանը ու հարցաքննվել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԸՆԴՈՒՆՈՒՄԸ 2027 Թ.-ԻՑ ՇՈՒՏ ՉԻ ԼԻՆԻ

Հայաստանում առաջարկվում է հրաժարվել ընտրություններից հետո խորհրդարանում կայուն մեծամասնություն ձեւավորելու սահմանադրական պահանջից: Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով, եւ ընտրական օրենսգրքով երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը՝ տեղերի 54%-ը: Օրենսդրության համաձայն, եթե ընտրությունների արդյունքում կամ քաղաքական կոալիցիայի ձեւավորման միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա կարող է ընտրությունների երկրորդ փուլ անցկացվել:

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը մշակել է հայեցակարգ, որով առաջարկվում է պահպանել կառավարման խորհրդարանական մոդելը, բայց հանել կայուն մեծամասնության հոդվածը եւ ներդնել սովորական համամասնական ընտրակարգ, որտեղ ընտրությունների երկրորդ փուլ չի նախատեսվում։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնեց, որ հանձնաժողովն այսօր եւս նիստ է արել։ Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու, իսկ քննարկումների ընթացքում մինչ օրս Սահմանադրության նախաբանին կամ անկախության հռչակագրին հղում չի արվել։

Դանիել Իոաննիսյանը նաեւ նշեց, որ այս գործընթացը դեռ երկար փուլեր ունի անցնելու. նախ ԱԺ-ում պետք է քննարկվի, այնուհետեւ դրվի հանրաքվեի։

Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ԲԱՆՏՈՒՄ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է Ա. ԱՇՈՏՅԱՆԸ

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը սոցցանցի իր էջում գրում է. «Հայկական PR մրցանակաբաշխություն 2024։ Տարվա քաղաքական գործիչ նոմինացիան հանձնելիս։ Ցավոք նոմինանտն անազատության մեջ է։

Մրցանակը ստանում է նրա կինը։

Հայաստանում կան «խղճի բանտարկյալներ»։

aՔաղաքական ներկապնակի մի գույն այս պահին պակաս է ամենօրյա թատերաբեմում։

aՍակայն, այ քաղաքագիտական երկնակամարում մի նոր աստղ է փայլում։

aԲանտից հրապարակված էսսեները քաղաքական հրապարակախոսության դասական գոհարներ են», – նշել է նա։

 

ՀԱՅՏՆԻ Է՝ ՈՎ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐԻՆ

Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին կփոխարինի Չեխայից Մագդալենա Գրոնոն, X-ում հայտնել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչությունը։

«Քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը հենց նոր հաստատել է Չեխիայից Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում եւ Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ Թեկնածությունը պաշտոնապես կհաստատի ԵՄ խորհուրդը»,- ասվում է գրառման մեջ։

Տոյվո Կլաարը Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2017 թվականին։ Նա բազմիցս այցեր է կատարել տարածաշրջան, այդ թվում՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի շրջանակում:

 

ԹՐԱՄՓԸ՝ ՊՈՒՏԻՆԻ ՄԱՍԻՆ

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր նախագահության օրոք «մեզ երբեք պատերազմ չէր սպառնա», եւ նա թույլ չէր տա, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը պատերազմ սկսեր Ուկրաինայի դեմ։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է Bloomberg-ի հետ հարցազրույցում։

«Մենք Պուտինի հետ լավ էինք գլուխ հանում, մենք լավ հարաբերություններ ունեինք… Նա երբեք չէր խցկվի Ուկրաինա։ Ես կասեի՝ «Երբեք, երբեք չխցկվես Ուկրաինա»,- հայտնել է ԱՄՆ նախկին նախագահը։

Թրամփի կարծիքով՝ աշխարհի ներկա իրավիճակը «կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով»։ Քաղաքական գործիչն ամեն բանում մեղադրում է ընտրություններում իր մրցակցին՝ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին։

«Իմ օրոք պատերազմ չի եղել… Ոչ մի պատերազմ՝ ԻՊ-ից բացի։ Ես նրանց վերջը տվեցի շատ կարճ ժամանակում։ Ինձ ասում էին, որ դրա համար հինգ տարի է պետք, իսկ ինձ քիչ ժամանակ պետք եղավ, մենք նրանց հաղթեցինք… Եվ Ռուսաստանը ոչ մի տարածք չէր զավթում»,- ավելացրել է Թրամփը։




Լրահոս