ՔՆՆՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ  2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական նիստը: Այն առաջին անգամ էր Երեւանում անցկացվում, մինչ այդ գործով բոլոր դատական նիստերն անցկացվում էին Տավուշի մարզի Բերդ քաղաքում:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արտակ Նազարյանի մայրը` տիկին Հասմիկը, նշել էր, որ իրենք միջնորդություն են ներկայացրել, որպեսզի դատական գործընթացը տեղափոխվի Երեւան, անգամ դիմել էին ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին, որը եւս միջնորդել էր գործը տեղափոխելու համար:
Ըստ պաշտոնական վարկածի` Արտակ Նազարյանին ինքնասպանության են հասցրել: Մեղադրյալներն Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներն են` նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ լեյտենանտ Վահագն Հայրապետյանը եւ Նազարյանի դասակի երեք շարքայիններ` Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է, եւ նա հանձնված է զորամասի հսկողությանը, որտեղ շարունակում է ծառայությունը:
Երեկվա դատական նիստը սկսվեց գործով անցնող մեղադրյալներից մեկի` Հակոբ Մանուկյանի պաշտպանի միջնորդությամբ, որում նշվեց, որ մեղադրական եզրակացությունը չի բխում գործում առկա ապացույցներից, քրեական գործը քննվել է մեկ վարկածի շուրջ, եւ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ենթադրությունների հիմքով: Վերոնշյալ միջնորդության հետ համամիտ են բոլոր մեղադրյալները եւ նրանց պաշտպանները:
Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը նույնպես համարում է, որ մեղադրվող երիտասարդները քավության նոխազ են: Նրա համոզմամբ` կեղծ քննություն է իրականացվել, եւ անհրաժեշտ է Նազարյանի սպանության հետ կապված նոր քրեական գործ հարուցել:
Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, դատարանում հայտարարեց. «Գործը պետք է լինի Արտակ Նազարյանի սպանության, այլ ոչ թե ինքնասպանության դրդում հոդվածով, այստեղ որեւէ ինքնասպանություն չկա»:
Դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը դատավորը մերժեց, հետո եղավ ինքնաբացարկ դատավորին, որը եւս դատավորը մերժեց: Դրանից հետո պետք է հաստատվեր դատաքննության կարգը եւ հերթականությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա երեքշաբթի` ժամը 11:00-ին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս