Հայաստանով անցնող ճանապարհը ռազմական նշանակություն է ունենալու. դրանով արևմտյան ու թուրքական զենք ու զինամթերք է գնալու դեպի Ադրբեջան. քաղաքագետը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

-Պարո՛ն Դանիելյան, երեկ՝ երկու տարի ընդմիջումից հետո, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ Կողմերն արդյունավետ են գնահատել հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Երևանն ու Անկարան պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները՝ Ախուրիկ-Աքյակա երկաթուղային սահմանային անցումը գործարկելու համար, ինչպես նաև փոխադարձաբար հեշտացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: Ամփոփելով հանդիպման մասին կողմերի արձագանքներն՝ ինչպե՞ս կգնահատեք Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը, ի՞նչ տվեց այն։

-Առաջինն, ինչ կարող եմ ասել, այն է, որ Ադրբեջանը խոչընդոտում է, որ հայ-թուրքական հարաբերություններ հաստատվեն, ամեն դեպքում՝ Ադրբեջանից և Թուրքիայից հնչող հայտարարությունների մեջ կան հակասություններ։ Թուրքիայում ասում են, որ շուտափույթ խաղաղության պայմանագիր պետք է կնքվի, իսկ Ադրբեջանը դրա համար լրացուցիչ պայմաններ է դնում Հայաստանի առաջ, որոնց կատարման համար երկար ժամանակ է պետք։ Ըստ էության՝ Ադրբեջանում չեն ուզում, որ խաղաղության պայմանագիրը կնքվի հիմա, սա ի ցույց է դնում Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղած հակասությունները։

-Այստեղ մի ուշագրավ դրվագ էլ կա, որ հանդիպումից ընդամենն օրեր առաջ Էրդողանն ինքնախոստովանական հայտարարությամբ է հանդես գալիս, որ Թուրքիայի բանակն ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմին։

-Էրդողանն այդ հայտարարությունն արել է կուսակցական փակ հավաքի ժամանակ, այսինքն՝ դա հրապարակային չի եղել, այդ փակ հավաքից հայտարարությունը դուրս է եկել, սա շատ կարևոր պահ է։ Նրա հայտարարությունն ուղղված է եղել Իսրայելի դեմ, որ նայեք՝ ինչպես Լիբիայում և Ղարաբաղում մեզ պահեցինք, նույն ձև էլ կարող ենք Իսրայելում դրսևորել։ Ես Էրդողանի հայտարարությունը չէի կապի հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած հանդիպման հետ։

-Պարո՛ն Դանիելյան, այսօր ամերիկյան կողմից մի ուշագրավ հայտարարություն է հնչել։ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է ՌԴ-ն և Չինաստանը շրջանցող առևտրային երթուղի ստեղծել՝ Հայաստանով և Ադրբեջանով։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Այդ հայտարարություններին արդեն կարելի է չհետևել, քանի որ երկար ժամանակ նման հայտարարություններ արվել են, բայց դրանք ոչինչ չեն փոխում։ Նպատակն ակնհայտ է՝ այս ամենն ուղղված է Իրանի ու Ռուսաստանի դեմ, դրա համար օգտագործում են Հայաստանին։ Այստեղ ինչն է հետաքրքիր, որ առաջին շահառուն պետք է լիներ Ադրբեջանը, բայց խոչընդոտում է դրան։

-Ինչո՞ւ է խոչընդոտում։

-Երկու պատճառով, առաջին, որ երևի պայմանավորվածություններ ունի Ռուսաստանի հետ, ինչպես նաև մտահոգություններ կան, ու չի ցանկանում նման քայլերով կոնֆլիկտներ ստեղծել Ռուսաստանի հետ։ Մյուս կողմից մտահոգություններ ունի նաև Իրանի հետ կապված, քանի որ Իրանը դեմ է այդ ճանապարհի բացմանը։ Այս առումով Ադրբեջանն ունի փակ պարտավորություններ և պարտավորություններ այդ երկու երկրներ հետ։

-Իսկ, ըստ Ձեզ, ի՞նչ նկատի ունի ԱՄՆ-ն՝ նոր երթուղի ասելով, ի՞նչ ճանապարհ է այն լինելու ու ի՞նչ է «տալու կամ վերցնելու» Հայաստանից։

-Իմաստը հետևյալն է՝ կա ճանապարհ նաև Վրաստանով, բայց Վրաստանն ինքնուրույն քաղաքականություն է վարում, և այդ ճանապարհը տնտեսական նշանակություն ունի, իսկ Հայաստանով ճանապարհն ունի ռազմական նշանակություն և դրանով արևմտյան ու թուքական զենք ու զինամթերք է գնալու դեպի Ադրբեջան։

-Այսինքն՝ Հայաստանը կարող է դառնալ նոր պլացդա՞րմ։

-Այո, Թուրքական աշխարհի համար։ Հովանավորն Արևմուտքն է լինելու, իսկ նպատակը Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ է ուղղված։ Սա է ամբողջ հարցը։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս