Երուսաղեմում ուղղադավաններն արգելափակել են փողոցները՝ բողոքելով բանակում ծառայության դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տասնյակ ծայրահեղ ուղղադավան հրեաներ փակել են Երուսաղեմում իսրայելական բանակի զորակոչային տեղամասի մոտ գտնվող մի քանի փողոցներ՝ դեմ հանդես գալով իրենց համայնքի անդամների զորակոչին: Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։

Ըստ ոստիկանության՝ անկարգությունների մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանական փակոցը և բախումներ հրահրել, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ բղավել ոստիկանների հասցեին։

Ոստիկանությունն, ի վերջո, ուժ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։

Իսրայելի Գերագույն դատարանը հունիսի վերջին միաձայն որոշում է ընդունել, որ ծայրահեղ ուղղադավան հրեաները պետք է զինված ուժեր զորակոչվեն, ինչպես բոլորը: Դատավորները նշել են, որ Իսրայելում բացակայում է իրավական հիմքը՝ բանակի տարկետում տրամադրելու կրոնական ուսումնարանների սաներին։

Մինչ այժմ ծայրահեղ ուղղադավան հրեաներն ազատված են եղել զինվորական ծառայություն անցնելու պարտականությունից: Պատերազմական պայմաններում այս բացառությունը բուռն քննարկումների տեղիք է տվել հասարակության մեջ։

The Times of Israel թերթի տվյալներով՝ երկրում հաշվում է շուրջ 67 000 ուղղադավան տղամարդ, որոնք ենթակա են բանակ զորակոչվելու։ Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց հետո փոքրաթիվ հրեա հավայացյալներ արդեն կամավոր կերպով համալրել են բանակի շարքերը։

Հրեա մոլի հավատացյալները կազմում են Իսրայելի բնակչության մոտավորապես 13,5 %-ը (1,28 միլիոն՝ 9,45 միլիոն ընդհանուր բնակչություն ունեցող երկրում):




Լրահոս