Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում առկա էսկալացիան և այն մեղմելու ուղիները։
Այս մասին նշված է Եգիպտոսի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նախագահի մամուլի քարտուղար, դեսպան Ահմեդ Ֆահմին հայտարարել է, որ երկու նախագահներն ընդգծել են զսպվածության և փոխադարձ թիրախավորման շրջափուլը դադարեցնելու անհրաժեշտությունը, որը ողջ Մերձավոր Արևելքը դնում է տարածաշրջանային պատերազմի շեմին՝ սպառնալով տարածաշրջանի ժողովուրդների ռեսուրսներին։
Հաղորդվում է, որ երկու նախագահները վերանայել են Գազայում և Լիբանանում հրադադարի հասնելու և շտապ և բավարար քանակությամբ հումանիտար աջակցություն մատակարարելու շարունակական ջանքերը:
«Նրանք նաև ընդգծել են Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը՝ վերահաստատելով իրենց աջակցությունը լիբանանյան պետական կառույցներին», – նշված է մամլո հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում նախագահները անդրադարձ են կատարել նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին։
Իսրայելը հոկտեմբերի 26-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանին։
«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Fars-ը, Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խոսնակ Ջաֆար Յազերլուն տեղեկացրել էր, որ հարվածների հետևանքով չվերթները չեղարկվել են։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ ավիահաղոդակցությունն արդեն վերականգնվել է։
«Օդային երթևեկությունը սովորական ռեժիմի է վերադարձել առավոտյան ժամը 9։00-ից»,- ասել էր Յազերլուն:
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու նպատակով։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։
Fars լրատվական գործակալությունը պնդել է, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի շարք ռազմակայանների վրա, իսկ Tasnim լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի մայրաքաղաքի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմական կենտրոնները չեն տուժել։