Կառավարության որոշմամբ փոփոխություններ կկատարվեն «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի n 1756-լ որոշման մեջ: Իրավական ակտում փոփոխություն կատարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ սոցիալական ոլորտում Լեռնային Ղարաբաղից 2023 թվականին բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում ներգրավվել են նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված շահառուները:
Գործող կարգավորմամբ սահմանված է, որ օժանդակության ծրագրի շահառու հանդիսանում են միայն 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները, սակայն ծրագրի մեկնարկից հետո 2020 թվականի սեպտեմբերից հետո Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանցից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստացել է բազմաթիվ դիմումներ ու զանգեր՝ առաջարկելով իրենց ևս դիտարկել ծրագրի շահառու՝ հաշվի առնելով, որ նույն պատճառով իրենք հայտնվել են նույն կարգավիճակում, ինչ 2023 թվականին տեղահանված անձինք: Միջոցառման իրականացման արդյունքում նախատեսվում է, որ 2020 թվականին տեղահանված մասնագետները ևս հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները՝ օգտվելով աջակցության ծրագրից: