«ԻՄ ՍԻՐՏՆ ԷԼ ԿՄՐՄՌԱ ԻՄ ԷՐԵԽՈՒ ՀԱՄԱՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշ ժամանակ առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ԼՂՀ պաշտպանության բանակի «Եղնիկներ» կոչվող զորամասերից մեկում ծառայող 19-ամյա Ժորա Մկրտչյանին ծառայակիցները բռնաբարել եւ դաժանաբար ծեծել են: Ներկայումս Ժորան Երեւանի կայազորի հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում է: Նա հերքում է, որ իրեն բռնաբարել են` պնդելով, որ ինքը միայն դաժան ծեծի է ենթարկվել:  Այժմ Ժորան հորից պահանջում է հետ վերցնել այն բողոքը, որտեղ նշված են իրեն ծեծողների անունները` պատճառաբանելով, թե չի ցանկանում, որ իր ծառայակից ընկերները «նստեն»:
Արդեն տեղեկացրել ենք, որ Ժորա Մկրտչյանը Թալինի շրջանի Լուսական գյուղից է:  Իննամսյա ծառայությունից հետո նրան հանկարծակի տեղափոխել են հոսպիտալ` սուր փսիխոզ ախտորոշմամբ: Նրան նախ վնասվածքներով տարել  են զորամասի բուժկետ, հետո Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետեւ հասկանալով,  որ Ժորայի վիճակն իսկապես ծանր է, տեղափոխել են Երեւանի կայազորի հոսպիտալ` հոգեբուժական բաժանմունք:
«Ժողովուրդ»-ը հոգեբուժական բաժանմունքում զրուցել էր Ժորայի հետ, ով շշմած վիճակում էր գտնվում եւ հազիվ էր պատասխանում մեր հարցերին: Նա պատմել էր, որ իրենք դիրքերում են եղել, երբ իր ծառայակից ընկերներն իրեն դաժանաբար ծեծել են: «Ասում էին` դու քո ինքնասիրությունը չհարգող տղա ես, բայց ես ոչ մի բան չեմ արել, իրանք ինձ փետով ծեծել են` Մովսեսը, երկու հոգի` Վաչիկն ու Աբոն, բայց Աբոն իմ հետ մի քիչ լավ էր, բայց հետո էլ ինքն ինձ ծեծեց: Բայց ինքն իմ համար գնաց նստեց, ինքն իմ ականջը ջարդել ա: Եթե պետք եղավ, ես իրան կազատեմ, ինքը սիրած աղջիկ ունի, ինքը պիտի իրա մոտ գնար, ես էլ սիրած աղջիկ ունեմ` Մարիամն ա, ինքը չգիտի, որ ես ստեղ եմ»,-«Ժողովուրդ»-ին պատմել էր Ժորան:
Զինվորին ծեծելու կապակցությամբ երեք ժամկետային ծառայողի մեղադրանք է առաջադրվել. շարքայիններ Ալբեր Առաքելյանին եւ Մովսես Բադալյանին` 359 հոդվածի 1-ին մասով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, իսկ սերժանտ Վաչիկ Գրիգորյանին` 360 հոդվածի 2-րդ մասով` զինծառայողին վիրավորանք հասցնելը: Խափանման միջոց է ընտրվել  հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Իսկ այսօր Ժորան հորը` Մկրտիչ Մկրտչյանին, խնդրում է հետ վերցնել բողոքը, որպեսզի իր նախկին ծառայակից ընկերները պատիժ չկրեն, չնայած նրանք Ժորային այնպես են ծեծել, որ նա մինչեւ այսօր «ուշքի» չի գալիս: Այս կապակցությամբ Ժորայի հայրը մեզ հետ զրույցում նշեց. «Ինքն ըսավ ինձ` պա՛պ ջան,  թող էրթան, հասնին իրանց ծնողներին, բայց ես հլը չիդեմ, չեմ կողմնորոշվել, ես էլ եմ ծնող, ես էլ կհասկանամ էդ ծնողի զգացմունքները, ուղղակի ծնողը մեղավոր չէ, որ իր էրեխեն անշնորհք է, իրենք էլ պիտի գիտակցեին, որ իրենք էլ ծնողներ ունեն, որոնք սպասում են, իրանք պիտի էդ քայլին չդիմեին: Իմ սիրտն էլ կմրմռա, որ իմ էրեխին էդպես կիսամարդ էրին, բերին քցին ընդեղ, բայց ես չեմ ուզում, որ իրենց ծնողներն էլ մրմռան: Հիմա Ժորան էլ ասում ա` ազատի՛, պապա՛ ջան,  թող էրթան, հասնեն իրենց ծնողներին, բայց հիմա չիդեմ` ոնց կլինի, չիդեմ` ինչ անեմ»:
Մեր այն հարցին, թե արդյոք Ժորայի վրա ճնշում չեն գործադրել, որպեսզի բողոքը հետ վերցնի, պարոն Մկրտչյանն ասաց. «Չէ՛, էդպես բան չկա, ինքն է էդի որոշել, թե չէ իրա մոտ ոչ մի մարդ չի գնացել, ոչ մի մարդ իրան չի տեսել ու ոչ մի ճնշում էլ չի գործադրվել»:  Ըստ ժամկետային զինծառայողի հոր` Ժորայի մոտ մի փոքր դրական փոփոխություն է նկատում. «Էն վախտ էն ձեւի էին ծեծել, որ… բայց դե հմի… էլի էդ շշմած վիճակը կա իրա մոտ, թե դեղերի ազդեցությունն է, չգիտեմ, եսիմ…»:
Մկրտիչ Մկրտչյանը նշեց, որ ինքը վերջնական որոշում չի կայացրել եւ դեռ հստակ չի կարող ասել` հետ կվերցնի իր բողոքը, թե ոչ. «Չիդեմ… կարողա վերցնեմ, էն մյուսներն էլ տեսնեն, որ չեն պատժվում… չիդեմ, իրանց էրածը լավ բան չէ, իրանք ջահել են… բայց դե իրանց ծնողները…»: Վերջում նա նշեց, որ իրեն հոսպիտալում տեղեկացրել են, թե չորեքշաբթի օրը Ժորան տուն կվերադառնա: Ժորայի հայրը հուսով է, որ որդին ի վերջո կապաքինվի, եւ ինքն այլեւս իր որդուն այդ շշմած, անօգնական վիճակում չի տեսնի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս