Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, փոխնախագահներ Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ) և Վրեժ Շառոյանը (Սիրիա), նախագահի օգնական Սարգիս Վաթյանը Լոս Անջելեսում հանդիպեցին ՀՀ Գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանի հետ: Շուրջ 1,5 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեցին Համահայկական խաղերի մարզական ավանի կառուցման գործում ամերիկահայերի մասնակցության հետ կապված կազմակերպչական հարցեր: Ալբերտ Բոյաջյանն առաջարկեց ստեղծել հատուկ կոմիտե, որը կզբաղվի միայն վերոհիշյալ խնդրի լուծմամբ: Հանդիպման ընթացքում, Իշխան Զաքարյանը Գլխավոր հյուպատոսին ներկայացրեց խաղերի պատմության դինամիկան, ԱՄՆ քաղաքներում Համահայկական խաղերի քաղաքային խորհուրդների ձևավորման ընթացքը, խոսեց նաև ծագած որոշակի դժվարությունների մասին: Գլխավոր հյուպատոսը խոստացավ ցանկացած հարցով աջակցել տեղական կառույցներին` այդ կարևոր գործընթացն արդյունավետ ավարտելու համար:
Այնուհետև պատվիրակությունը Հ.Մ.Ը.Մ. «Արարատ» ակումբում հանդիպեց ԱՄՆ հայկական միությունների ներկայացուցիչների հետ: Գործկոմի անդամ Արմիկ Եբրահիմյանը (ԱՄՆ) և պատվավոր անդամ Ալֆրեդ Հավանը (ԱՄՆ) ներկայացրեցին կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Կարևորելով կատարված աշխատանքներն, այնուամենայնիվ, Իշխան Զաքարյանն առանձնացրեց մի շարք խնդիրներ, որոնք աչքաթող են արվել և անհրաժեշտ է դրանք շտկել: Պայմանավորվեցին առաջիկա օրերին ևս մեկ անգամ քննարկել այդ հարցերը:
ՀԽՀԿ պատվիրակության այցն ԱՄՆ-ում շարունակվում է. սպասվում են կարևոր այլ հանդիպումներ ևս: