ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սոս Գևորգի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2020 թվականի դեկտեմբերի 15-ից հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Քանաքեռ-Զեյթուն» գերեզմանատան հսկիչը, ունենալով գերեզմանատան շահագործման և պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություն, հանդիսանալով պաշտոնատար անձ, խախտելով կառավարության «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգը, կանոնները և «Գերեզմանի վկայականի ձև սահմանելու մասին» 23 նոյեմբերի 2006 թվականի N 1910- Ն որոշման պահանջները, ինչպես նաև ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված պահանջները, կազմել և տրամադրել է կեղծ փաստաթուղթ, այն է՝ Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունիսի 08-ի թիվ 1779-Ա որոշմամբ «մասնակի փակ» կարգավիճակ ունեցող «Քանաքեռ» գերեզմանատանը, որտեղ տվյալ ժամանակահատվածում նոր գերեզմանատեղիի հատկացումը արգելված է եղել, ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու նպատակով, այն է՝ Արսեն Վոլոդիայի Ղազարյանի հողարկավորության համար նոր գերեզմանատեղիի ապօրինի հատկացման փաստը թաքցնելու և հուղարկավորության թույլտվության համար հիմքեր ստեղծելու նպատակով, 05.01.2021թ. կատարված հուղարկավորությունից տևական ժամանակ անց՝ 20.01.2021թ. կազմել և Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենին է հասցեագրել կեղծ բովանդակությամբ զեկուցագիր, այն մասին, որ իբրև գերեզմանատանը առկա է եղել երկաթե ցանկապատով գերեզմանատեղ և հուշաքար՝ «Ղազարյան Բեգլար Ալեքսանի, 1906- 1957» գրառումներով, ինչպես նաև 20.01.2021թ. ամսաթվով կազմել է թիվ 128017 գերեզմանի քարտը, որում ներառել է կեղծ տվյալներ, համաձայն որի` նշված գերեզմանատեղիում 1957 թվականին հուղարկավորված է եղել 1906 թվականին ծնված Բեգլար Ալեքսանի Ղազարյան տվյալներով անձը՝ այդ կերպ կեղծ հիմքեր ստեղծելով հողարկավորության գրանցման և գերեզմանի վկայականի հատկացման համար, ինչպես նաև նպատակ ունենալով այդ կերպ թաքցնել նոր գերեզմանատեղիի հատկացման փաստը և ստեղծել նախկինում իբր թե հուղարկավորված անձով գերեզմանատեղիի առկայության կեղծ հիմքեր, այսինքն՝ կեղծել է տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության՝ Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի իրավաբանական նշանակություն ունեցող և իրավունք վերապահող փաստաթուղթ և իրացրել այն, որի արդյունքում ՀՈԱԿ-ի հուղարկավորությունների գրանցման բաժնում հնարավոր չի եղել ստուգել գերեզմանի քարտում լրացված իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալները, քանի որ առկա չեն եղել նախկինում` 1957 թվականի դրությամբ կատարված հուղարկավորությունների վերաբերյալ հաշվառումներ:
Նշված գործողությունների արդյունքում կատարվել է հուղարկավորության գրանցման փաստը և «Երևանի բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի գերեզմանի վկայականը:
Քնար Մանուկյան