Ֆեյսբուքյան օգտատեր Զառա Հովհաննիսյանը քիչ առաջ լուր տարածեց, որ այսօր դատախազության մոտից բերման են ենթարկել Վարդգես Գասպարին և Արգիշտի Կիվիրյանին:
Այս առիթով ինքը և Արթուր Սաքունցը գնացել են Ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ քաղաքացիական հագուստով մի երիտասարդ, ով հետագայում հայտնել է, որ ինքը ոստիկան է և խոչընդոտել է նրանց մուտքը Ոստիկանության բաժին:
Armlur.am-ի հետ զրույցում «Armenia Today» առցանց պարբերականի համակարգող Արգիշտի Կիվիրյանը հայտնեց, որ այսօր Շահեն Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանությանը նվիրված երթի ժամանակ բռնի կերպով սկզբում Վարդգես Գասպարին, ապա իրեն, բռնի և ապօրինի կերպով զրկել են ազատությունից և տարել են Ոստիկանության Կենտրոնի բաժին:
«Որևէ հիմնավորում չի ներկայացվել, ավելին՝ ես ունեմ ձեռքիս տակ տեսանյութեր, որոնցից հստակ երևում է, որ ես կանգնած եմ մայթի վրա, որևէ ապօրինություն չեմ կատարում, որևէ մեկի իրավունքները չեմ խախտում: Հետո պահանջում եմ օրենքի հստակ հիմնավորում, թե ինչո՞ւ են խոչընդոտում իմ տեղաշարժվելու իրավունքը, բայց այդպես էլ որևէ հստակ հիմնավրում չի ներկայացվում:
Դրանից հետո հրելով մայթից տանում են մյուս փողոց, բռնի կերպով տանում են ոստիկանության մեքենայի մեջ են դնում ու տանում են բաժին»,- հանգամանքներին ծանոթացրեց Կիվիրյանը՝ հավելելով, որ իրեն այնտեղ պահում են 3 ժամ 10 րոպե, և իր հանդեպ իրականացնում են վարչական վարույթ՝ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածով:
Հոդվածը ենթադրում է ոստիկանության աշխատակցի օրինական պահանջը չկատարելը:
Կիվիրյանի գնահատմամբ՝ իր հանդեպ շարունակվում են քաղաքական հետապնդումները: