Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում բարձրանում է թոքաբորբով հիվանդացության ռիսկը, ինչը հնարավոր է կանխել պատվաստվելով սեզոնային գրիպի դեմ:
Արտահիվանդանոցային թոքաբորբը (ԱՀԹ) հաճախ հաջորդում է վերին շնչուղիների վարակին։
Որո՞նք են ռիսկի գործոնները, որ կարող են նպաստել ծանր ընթացքին`
🔹 ծխելը,
🔹 վերջին 90 օրվա ընթացքում հոսպիտալացման առկայությունը՝ հակաբիոտիկների ընդունումով,
🔹 հետևյալ հիվանդությունների առկայությունը՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, շաքարային դիաբետ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություն, լյարդի ցիռոզ, ալկոհոլի չարաշահում, թմրամոլություն, քաղցկեղ։
Գանգատները`
🔹հազ, դող, տենդ, հևոց, կրծքավանդակի ցավ, թարախային խորխ, ախորժակի վատացում, ընդհանուր թուլություն,
🔹տարեցների մոտ տիպիկ գանգատները կարող են բացակայել, և կլինիկական պատկերում առաջին պլան է մղվում թունավորման համախտանիշը (քնկոտություն կամ անհանգստություն, գիտակցության մթագնում, ախորժակի բացակայություն, սրտխառնոց, փսխում) կամ ուղեկցող քրոնիկական հիվանդությունների (շաքարային դիաբետ, քրոնիկ սրտային անբավարարություն և այլն) սրացումը:
Որո՞նք են թոքաբորբի հիմնական նշանները երեխաների մոտ`
🔹Հաճախաշնչությունը կամ դժվարաշնչությունը, որը ԱՀԿ սահմանման համաձայն` մինչև 2 ամսական երեխաների մոտ՝ 60 մեկ րոպեում, 2-ից 12 ամսականների մոտ՝ 50 մեկ րոպեում, 1-ից 5 տարեկանների մոտ` 40 մեկ րոպեում, 5-ից 10 տարեկան երեխաների համար` 30 մեկ րոպեում, 10-ից բարձր՝ 24 մեկ րոպեում,
🔹 կրծքավանդակի ներքաշումները, ռնգախաղը, շուրջբերանային և կենտրոնական մաշկի և լորձաթաղանթի կապտավուն գունավորումը ևս թոքաբորբով պայմանավորված շնչական անբավարարության նշաններ են, որոնց պետք է ուշադրություն դարձնել և դիմել բժշկի:
Ժամանակին բժշկի նշանակմամբ բուժումը սկսելու դեպքում պացիենտների մեծ մասի մոտ 48-ից 72 ժամվա ընթացքում դիտվում է կլինիկական կայունություն։
Խորհուրդները` ընտանեկան բժշկության գծով առողջապահության նախարարության խորհրդատու Սամվել Հայրումյանից: