![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/AZ2k0tmzcwb4rb5BhnKyCi2ZrWmpc2B2gN7EurCp.webp)
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու այդ երկրի թագավորի հետ, ապա կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Ռուսաստանցիների հետ հանդիպում չի լինի»,- ասել է Զելենսկին՝ չհստակեցնելով, թե կոնկրետ երբ է պատրաստվում այցելել Սաուդյան Արաբիա։
Վոլոդիմիր Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան չի ընդունի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կնքված որևէ համաձայնագիր առանց Կիևի մասնակցության։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ փետրվարի 15-ին Մյունխենում կկայանա Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ն ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, և որ առաջիկայում Սաուդյան Արաբիայում, հնարավոր է, տեղի ունենա ռուսաստանցի և ուկրաինացի պաշտոնյաների հանդիպումը։
Այնուամենայնիվ, Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենն ասել է, որ Ռուսաստանի կառավարության ոչ մի ներկայացուցիչ չի հավատարմագրվել համաժողովին։