
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ինքնազգացողությունը որոշակի բարելավվել է. այս մասին հայտնել են Վատիկանի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ 88-ամյա պոնտիֆիկոսի վիճակը դեռևս գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։
Կիրակի օրը տեղեկություններ էին տարածվել, որ բժիշկները մտավախություն ունեն Ֆրանցիսկոսի կյանքի համար՝ շնչառական և երիկամային խնդիրների պատճառով։ Սակայն ավելի ուշ հայտնել են, որ «երիկամների հետ կապված փոքր խնդիրները» անհանգստության առիթ չեն։
«Այսօր Հռոմի պապի մոտ ասթմայի նոպաներ չեն գրանցվել, ինչպես նաև բարելավվել են որոշ անալիզների արդյունքները»,- նշված է Վատիկանի՝ պոնտիֆիկոսի առողջական վիճակի մասին երեկոյան տեղեկագրում։
Տեղեկագրում նաև ասվում է, որ նա մասամբ վերսկսել է իր պարտականությունները՝ զանգահարելով Գազայի հատվածում կաթոլիկ ծխի հոգևորականին՝ «հայրական մտերմություն հայտնելու համար»։
Այնուամենայնիվ, ինչպես հստակեցվում է տեքստում, օրվա մեծ մասը պոնտիֆիկոսն անցկացրել է թթվածնային դիմակով, որը հեշտացնում է նրա շնչառությունը։ Բժիշկները, սակայն, «դեռևս զգուշորեն խուսափում են կանխատեսումներ անելուց»։