Խաղաղության պայմանագրի նախագծում ԵՄ դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա. ԱԽ քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծում ԵՄ դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքին։

«Խաղաղության պայմանագրում ԵՄ դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա։ Ընդհանուր ձևակերպում է, դա երրորդ ուժերի ներկայության մասին է, ինչը կարող է վերաբերվել նաև Եվրամիությանը, բայց կոնկրետ Եվրամիության դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի 17 կետերից 15-ը համաձայնեցվել են տարիների աշխատանքի արդյունքում, սակայն վերջին երկու կետերի շուրջ դեռևս համաձայնություն չկա։

«Մենք 15 հոդվածները կարողացել ենք համաձայնեցնել երկար տարիների աշխատանքի շնորհիվ։ Վերջին երկուսը դեռևս չի հաջողվում, բայց Հայաստանը շարունակելու է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք վերջնականացնել այս երկու հոդվածը ևս։ Հիմա մենք քննարկումներ ենք իրականացնում, և երբ պատրաստ լինենք, կուղարկենք մեր պատասխանը»,- նշեց Գրիգորյանը։

Ըստ Գրիգորյանի՝ չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ ուժերի ներկայությանը, ինչպես նաև այսպես կոչված դիվանագիտական պատերազմի ավարտին։

«Այստեղ մոտեցումները տարբեր են, և մինչ այս պահը լուծում չի գտնվել»,- ընդգծեց նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից փոխադարձ հրաժարվելուն։




Լրահոս