
Վերջին շրջանում հայկական քաղաքական դաշտում ամենից շատ քննարկվող թեմաներից մեկը Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի» գաղափարախոսության վերաբերյալ ուղերձն էր: Քաղաքական դաշտում լրացուցիչ ակտիվություն մտցրեց հատկապես վարչապետի պնդումը նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության վերաբերյալ:
Վարչապետի ուղերձի, գաղափարախոսության եւ հնարավոր նոր Սահմանադրության վերաբերյալ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի հետ:
Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսական ուղերձում չկար գաղափարախոսություն. դա, գործչի համոզմամբ, Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում արված ձախողումների եւ պարտությունների արդարացման շարադրանքն էր:
Ըստ մեր զրուցակցի դիտարկման՝ «չկա որեւէ գաղափարախոսություն, որը կարող է հիմք դառնալ Սահմանադրության նոր տեքստ ընդունելու համար»: Սամսոնյանը կիսում է այս ընթացքում շատ հանրային եւ քաղաքական գործիչների կողմից հնչեցված մտավախությունը, որ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը գալիս է ադրբեջանական պահանջներից: Սամսոնյանը հիշեցնում է, որ նախկինում կար սահմանադրական փոփոխությունների օրակարգ. դեռ 2018 թ. հեղափոխությունից հետո, որը հիմնականում բարձրաձայնվում էր այդ շրջանում ընդդիմադիրների կողմից: Այդ օրակարգը բարձրացնում էին, քանի որ 2015 թ. ընդունված Սահմանադրական փոփոխությունները, ըստ Սամսոնյանի, կատարվել էին Սերժ Սարգսյանի «սուպերվարչապետական համակարգի» համար, սակայն իշխանությունները չունեին բավարար կամք՝ հրաժարվելու «Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումից»: Սամսոնյանը հիշեցնում է, որ նախկինում էլ ստեղծվել են մի քանի հանձնաժողովներ, բայց առանց որոշակի տեսանելի արդյունքի: Սակայն, երբ Ադրբեջանը բաց տեքստով սկսեց պահանջել, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, իշխանությունները նորից սկսեցին խոսել Սահմանադրության մասին, բայց արդեն ոչ թե փոփոխություններ կատարելու, այլ Սահմանադրության նոր տեքստ ընդունելու:
Այս գործընթացը տարվում է, քանի որ Ադրբեջանի պահանջը վերաբերում է ոչ թե սահմանադրական փոփոխություններին, այլ լրիվ նոր Սահմանադրության տեքստ ընդունելուն՝ առանց Սահմանադրության նախաբանի, որում հղում կա Անկախության հռչակագրին: Հետեւաբար, Անի Սամսոնյանը, եզրակացնում է. «Հայ ժողովուրդը չպետք է կատարի այդ պահանջը եւ չպետք է մասնակցի այդ գործընթացին»: Սամսոնյանը քաղաքացիներին եւ քաղաքական ուժերին կոչ է անում վարվել այնպես, ինչպես ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը վարվում էր 2015 թ. Սահմանադրական փոփոխությունների նպատակով արվող քարոզարշավի ժամանակ՝ անվանելով դա «կեղծ օրակարգ» եւ չմասնակցելով դրան:
«Հիմա մենք բոլորս պետք է լսենք Նիկոլ Փաշինյանին, եւ ասենք, որ նոր ընդունվող Սահմանադրության տեքստը կեղծ օրակարգ է, եւ մենք այդ գործընթացին չենք մասնակցում» – նշեց Անի Սամսոնյանը:
ԱՐՄԵՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ