Արուս Գուլանյանը 35 տարի բեմում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանդիսատեսին ներկայանալուց ու բեմ բարձրանալուց առաջ ամեն ինչ պետք է կատարյալ լինի: Սանրվածք, հանդերձանք ու կեցված` տիկին Գուլանյանը իր սաներից յուրաքանչյուրին` վերջին խորհուրդներն է տալիս ու ճանապարհում բեմ: Ինքը վերջում: Բեմում ոչ ոք չպետք է անտրամադիր լինի, էներգետիկան, որ փոխանցվում է հանդիսատեսին, պետք է միայն դրական լինի: «Նազանի» անսամբլի աղջիկներն են ` տիկին Գուլանյանի սաները:

Իր հիմնադրած «Նազանի» անսամբլն արդեն 10-ը տարեկան է: Տիկին Գուլանյանը նայում է սաներին` հիշում իր երիտասարդությունն ու նույնիսկ մանկությունը: 5-6 տարեկանից բեմում է:

Արուս Գուլանյանը Արցախյան ազատամարտի ժամանակ իր երգով ոգևորել է ազատամարտիկներին: Ստեղծագործական մեծ կենսագրություն ունի, հիմա հիանում է իր տաղանդավոր սաների հաջողություններով:

Հիշելու շատ բան կա` Արուս Գուլանյանը 35 տարի բեմում է: Ներկայացնում է հայկական ժողովրդական աշուղական երաժշտությունը: Կուլիսային իրարանցումից հետո վարպետը բարձրանում է բեմ:

24 կատարում` հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով, աշուղական-ազգագրական կատարումներ, ժողովրդական երգ ու ասմունք: Դահլիճում է նաև առաջին տիկինը` Ռիտա Սարգսյանը:

Սուսաննա Շահինյանը վստահեցնում է` «Երաժշտական փոստարկղ»-ը պարբերաբար ստանում է նամակներ` Արուս Գուլանյանի կատարումները լսել ցանկացողների պակաս չկա: Հայկական ժողովրդական երաժշտությունը սիրում են ու լսում: Սիրել հայկական ժողովրդական և աշուղական երգարվեստը, սա «Նազանի» անսամբլի ու Արուս Գուլանյանի ցանկությունն է:

Նրանք պատրաստ են նվաճել նոր բեմեր:




Լրահոս