Armenian text to speach

ՊՈՒՏԻՆԸ «ՆԿԱՏԻ Է ԱՌԵԼ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 28-ին Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այո, իհարկե, նախագահը ծանոթ է տեղի ունեցածի էությանը, մանավանդ, որ դա հասանելի էր ողջ համաշխարհային հանրությանը՝ իր նրբերանգներով, ուստի, իհարկե, նախագահը գիտի բոլոր նրբերանգները»,- մեջբերում է նրա խոսքերն «Ինտերֆաքս»-ը։

 

Պուտինի արձագանքի մասին հարցին Պեսկովը պատասխանել է, որ ՌԴ նախագահը «նկատի է առել տեղի ունեցածը»։

Ըստ Պեսկովի՝ այդ վիճաբանությունը ցույց է տալիս, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը հասնել դժվար կլինի։

«Այն, ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը Սպիտակ տանը, անշուշտ, ցույց տվեց, թե որքան դժվար կլինի հասնել Ուկրաինայի շուրջ հարցի կարգավորման: Կիեւի վարչակարգը եւ Զելենսկին խաղաղություն չեն ուզում, նրանք պատերազմի շարունակություն են ուզում», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ «Սա, կարելի է ասել, բավականին աննախադեպ իրադարձություն է։ Եվ իհարկե, Զելենսկին շատ հարցերում ցույց տվեց, հավանաբար, դիվանագիտական հմտությունների լիակատար բացակայություն», – հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովը նաեւ նշել է, որ հավաքական Արեւմուտքը սկսել է «կորցնել իր հավաքականությունը», սկսվել է մասնատման գործընթաց։

«Այժմ անհրաժեշտ կլինի ցանկացած կառուցողական աջակցություն այս գործընթացին, ցանկացած կառուցողական նախաձեռնություն։ Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը պետք է մեծ ջանքեր գործադրի Վաշինգտոնի հետ երկխոսության առումով, որպեսզի ինչ-որ կերպ չեզոքացնի այն տհաճ նստվածքը, որը, հավանաբար, մնացել է Սպիտակ տանը Զելենսկիի հետ շփվելուց հետո»,-հավելել է Պեսկովը։

Նա նշել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը շարունակում են բանակցությունները երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ, եւ դրա հետ մեկտեղ Ռուսաստանը շարունակում է ռազմական գործողություններն Ուկրաինայում, որպեսզի «հասնի բոլոր նպատակներին, որոնք դրված են եղել հենց սկզբից»։

Ըստ Պեսկովի՝ ուկրաինական կարգավորման հարթ խաղաղ ծրագիր դեռ օրակարգում չկա։

«Վերջնական խաղաղության պլանների ինչ-որ առաջին ուրվագծեր են հայտնվում: Թեեւ դեռ հնարավոր չէ ասել, որ օրակարգում կա որեւէ համակարգված ինստիտուցիոնալ խաղաղության ծրագիր»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կարգավորման հարցը վերջին տարիների միջազգային կենտրոնական խնդիրներից է։ Ըստ նրա՝ ամերիկյան նոր վարչակազմը Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու եւ հակամարտությունն արագ լուծելու ուղղություն է սահմանել, սակայն դրան խոչընդոտում են ինչպես Կիեւը, այնպես էլ եվրոպական երկրները։ Մոսկվան հանդես է գալիս հակամարտությունը քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին՝ պայմանով, որ հակամարտության բուն պատճառները վերացվեն։ Միեւնույն ժամանակ Արեւմտյան Եվրոպայում անհրաժեշտ են համարում Ռուսաստանի Դաշնությանը «ռազմավարական պարտության» մատնելը՝ հնարավոր բանակցություններում Կիեւի առավելություններն ապահովելու եւ Ուկրաինայի պայմաններով կարգավորման հասնելու հարցում։

Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

ՔԱՎՈՐ ՄԱՐԶՊԵՏԸ ՉԻ ՀԻՇՈՒՄ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՍԱԾԸ

Բագրատաշենի ենթաշրջանի այգեգործները հայտնում են, որ Լոռու մարզում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների պոչամբարներից աղտոտված ջուրը, սովորաբար, Դեբեդ գետ բաց են թողնում գիշերները, որպեսզի մոխրագույն գետը այգեգործների աչքին չզարնի։ Դեբեդի հովտի շատ այգիներ գետի աղտոտված ջրով ոռոգվելուց հետո չորացել են։ Նոյեմբերյան համայնքի Պտղավան գյուղի բնակիչ Ռաֆիկ Օհանյանն ասում է, որ այգիները Դեբեդի ջրով ոռոգելուց հետո ոռոգվող ծառի մեջ հայտնվում եմ Մենդելեեւի պարբերական աղյուսակի բոլոր քիմիական տարրերը։ 2024թ. ապրիլին Լոռու մարզի Թեղուտ գյուղում կայացել են Թեղուտի հանքի արդյունահանման թույլտվության ժամկետը 13 տարով երկարաձգելու, հանքավայրի ընդլայնման նախագծի վերաբերյալ հանրային լսումներ։ Ըստ այդ նախագծի՝ նախատեսվում է Թեղուտի հանքավայրից տարեկան արդյունահանել 7 միլիոն տոննա հանքաքար։ Լոռու մարզում գործող մետաղական հանքերը եւ հանքաքարը վերամշակող ընկերությունները շուրջ 20 տարի սպառնալիք են Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշոր համայնքի՝ Դեբեդի հովտի պտղատու այգիների համար։ 2023 թվականին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել` նրանից հարցնելով, թե Լոռու մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունները ե՞րբ են գումար փոխանցելու Նոյեմբերյան համայնքի այն բնակավայրերին, որոնք տուժում են ծանր մետաղներով հագեցած Դեբեդի ջրով իրենց այգիները ոռոգելուց։ Մարզպետը հայտնել էր, որ դա նախատեսված է 2024 թվականին։ Սակայն 2024-ին Նոյեմբերյան համայնքին գումարներ չփոխանցվեցին։ Օրերս տեղեկատվական հետեւյալ հարցումն ենք ուղարկել մարզպետ Ղալումյանին. «Նախկինում Դուք հայտնել եք, որ Լոռու մարզում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկի մեջ ընդգրկված է Նոյեմբերյան համայնքը (2024 թվականի համար): Սակայն 2024 թվականին Նոյեմբերյան համայնքին բնությանը պատճառված վնասների համար գումարներ չեն փոխանցվել։ 2025 թվականին այդ նպատակով Նոյեմբերյան համայնքին որքա՞ն գումար է տրվելու, այդ գումարը ե՞րբ, ի՞նչ մեխանիզմով է տրվելու»։

Մարզպետարանից պատասխանել են. «Լոռու մարզի հանքարդյունաբերության ձեռնարկության վնասակար ազդեցության նպատակով 2025 թ. Նոյեմբերյան համայնքին տրվող գումարի չափի եւ տրման մեխանիզմի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք դիմել Նոյեմբերյանի համայնքապետարան»։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը չի հիշում, թե այդ խնդրի վերաբերյալ ինքը նախկինում ինչ է ասել։ Նոյեմբերյանի համայնքապետարան դիմելով՝ տեղեկացանք, որ համայնքապետարանը զբաղվում է այդ հարցով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս