Կառավարությունը հաստատել է Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ տվյալների շտեմարան ստեղծելու և տվյալների շտեմարանի կանոնակարգը։
Այն պայմանավորված է զբոսաշրջության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարձրացման, տվյալների ամբողջականության ապահովման և ոլորտի կարգավորման գործընթացների թվայնացման անհրաժեշտությամբ։
Ըստ հիմնավորման՝ ներկայումս զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ տվյալները հավաքագրվում են տարբեր աղբյուրներից և չեն համադրվում միասնական տեղեկատվական հարթակում, ինչը բարդացնում է պետական մարմինների կողմից ոլորտի մշտադիտարկումը, վերլուծությունը և քաղաքականության մշակումը։ Առկա իրավիճակը նաև սահմանափակում է տվյալների փոխանակման արդյունավետությունը պետական մարմինների միջև։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ստեղծել զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ միասնական տվյալների շտեմարան, սահմանել դրա կառավարման, օգտագործման, տվյալների հավաքագրման, պահպանման և պաշտպանության կարգը, ապահովել տվյալների փոխգործելիությունը այլ պետական տեղեկատվական համակարգերի հետ՝ «մեկ հարցում» սկզբունքի հիման վրա։


















































































