
Քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունները (ՔՈՎՀ) լուրջ մարտահրավեր են ողջ աշխարհում առողջապահական համակարգերի համար։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ 2022թ. ՔՈՎՀ-ը եղել է աշխարհում մահացության հիմնական պատճառը՝ կազմելով բոլոր մահվան դեպքերի 74%-ը (մոտ 41 միլիոն մարդ): Կանխատեսումների համաձայն՝ մինչեւ 2050թ. այս ցուցանիշը կհասնի 86%-ի՝ հանգեցնելով տարեկան մոտ 90 միլիոն մահվան դեպքի։
«Հայաստանում ՔՈՎՀ-ից մահացությունը 2021թ. կազմել է ընդհանուր մահերի 80%-ը. առաջին տեղում սիրտ-անոթային հիվանդություններն էին, որոնք դարձել են բոլոր մահերի 54%-ի պատճառ: Գարնան ամիսներին ՔՈՎՀ-ի սրացումների հաճախականությունը զգալիորեն աճում է, ինչը հանգեցնում է հոսպիտալացումների թվի ավելացման, առողջապահական ծախսերի բարձրացման եւ հիվանդների կյանքի որակի վատթարացման», – այս մասին հայտնում է «Հերացի» վերլուծականը։
Գարնան ամիսներին սրացող քրոնիկական հիվանդությունների շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում՝
Մարսողական համակարգի հիվանդությունները, այդ թվում՝ քրոնիկական գաստրիտը, կոլիտը, ինչպես նաեւ ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունը։ Սրացումների հիմնական պատճառները կապված են իմունային համակարգի թուլացման, սննդակարգում B եւ C վիտամինների պակասի (որոնք կարեւոր են ստամոքսի լորձաթաղանթի վերականգնման համար), ստամոքսահյութի թթվայնության ախտաբանական փոփոխությունների եւ սթրեսի հետ։
Բացի այդ, որոշ մարդիկ՝ հատկապես կանայք, գարնանը դիմում են խիստ դիետաների՝ նիհարելու նպատակով, ինչը նվազեցնում է իմունային պաշտպանությունը եւ նպաստում քրոնիկական սթրեսի առաջացմանը։ Վերջինս ուղեկցվում է արյան մեջ ադրենալինի մակարդակի բարձրացումով, ինչի հետեւանքով վատթարանում է ստամոքսի լորձաթաղանթի բջիջների սնուցումը, որոնց մի մասը ենթարկվում է ատրոֆիայի եւ քայքայվում՝ առաջացնելով բորբոքման օջախներ։
Ալերգիկ հիվանդություններ. նրանց սրացման հիմնական պատճառներից մեկը, ինչպես նշվեց, օդում մեծ քանակությամբ ծաղկափոշու եւ փոշու առկայությունն է։ Հետազոտությունների տվյալների համաձայն՝ միայն այս գործոնը ՔՕԹՀ-ի եւ բրոնխիալ ասթմայի սրացումների հաճախականությունը բարձրացնում է 15-30%-ով։
Մաշկային հիվանդություններ. գարնանը հաճախ սրվում են մաշկային պաթոլոգիաները, ինչպես օրինակ՝ փսորիազը, ատոպիկ դերմատիտը եւ այլ քրոնիկական հիվանդություններ։ Սրացման հիմնական գործոններն են արեւի լույսի անբավարարությունը, սթրեսը եւ իմունային համակարգի թուլացումը, որոնք կարող են զգալիորեն ծանրացնել հիվանդությունների ընթացքը։ Բացի այդ, գարնան ամիսներին հաճախակի սրացող մարսողական համակարգի հիվանդությունները նույնպես բացասաբար են ազդում մաշկաբանական խնդիրների վրա։
Սիրտ-անոթային հիվանդություններ (ՍԱՀ). արեւային ճառագայթման ուժեղացումը եւ մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումները բացասաբար են ազդում մեթեոզգայուն մարդկանց, սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող անձանց, վեգետաանոթային դիստոնիայով հիվանդների ինքնազգացողության վրա։ ՍԱՀ ունեցող հիվանդների մոտ բարձրանում է սրտամկանի ինֆարկտի, ուղեղային կաթվածի, հիպերտոնիկ կրիզի, տախիկարդիայի եւ առիթմիաների առաջացման հավանականությունը։
Հոգեկան հիվանդություններ. գարնանը օրվա լուսավոր ժամերի երկարացումն ու արեւային ճառագայթման ինտենսիվության աճն ազդում են հորմոնների եւ նեյրոմեդիատորների արտադրության վրա, որոնք կարգավորում են մարդու տրամադրությունը, քունը եւ վարքագիծը։ Այս փոփոխությունները երբեմն խաթարում են նյարդաբանական հավասարակշռությունը՝ նպաստելով հոգեկան խանգարումների, այդ թվում՝ դեպրեսիայի, բիպոլյար աֆեկտիվ խանգարման, շիզոֆրենիայի, ինչպես նաեւ տագնապային եւ ֆոբիկ խանգարումների սրացմանը», – նշվում է հաղորդագրությունում։
ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ