«Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր կարծիքը հայտնեց Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին` նշելով, որ հրաժարականի համար պահը դեռ չէր հասունացել:
«Հրաժարականն անակնկալ էր բոլորի համար, այնուամենայնիվ պետք է լինել ազնիվ և խոստովանել, որ հրաժարականին այս պահին բանը չպետք է հասներ:
Համոզված եմ, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականն իր անձնական որոշումն էր: Հայաստանում բազմիցս փոխվել են նախագահներ, նախարարներ, և այլն, սակայն դրանից իշխանական համակարգի տրամաբանությունը չի փոխվել:
Տիգրան Սարգսյանը վեց տարվա պաշտոնավարման ընթացքում թողել է բավական դրական երևույթներ»,- իր նշեց Գալստյանը` հավելելով, որ Տիգրան Սարգսյանն ամենաքննադատվողն է եղել, իր անձի հանադեպ որոշ քաղաքական ուժեր ունեին հստակ տրամադրվածություն, սակայն նա դրանք երբևիցե իր իշխանական լծակներով չի պատժել: Գալստյանի համոզմամբ` նա եղել է բարեփոխող վարչապետ:
«Բոլոր այն կուսակցությունները, որոնք իշխանության մեջ են ՝ ընդդիմություն չեն: Եվ ընդհանարապես ոչ իշխանական հասկացություն չկա: Մենք երեք ուժերի տեսել ենք բարձր էշելոններում, և տեսել ենք ավելի վատ վիճակներ:
Հասարակության մեջ տիրում է այնպիսի վիճակ, որ ով էլ գա կառավարման գլուխ, առանձնապես ոչինչ չի փոխվելու: Նոր վարչապետից ոչինչ չենք ակնկալում: Անձի փոփոխությունը չի ակնկալում ուղեգծի փոփոխություն»,- շարունակելով խոսքը` նշեց Գալստյանը:
Նա նաև նշեց, որ ոչ ոք այս պահին չպետք է քաղաքական պտուղներ քաղի ու ասի, թե ինքն է ստիպել, որ վարչապետը հրաժարական տա: Նրա համոզմամբ` հրաժարականի պատճառը գիտեն միայն Տիգրան Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով Կուտակայինին` Գալստյանը նշեց, որ դա ժամանակավրեպ գործընթաց էր:
«Քաղաքացիները չեն ակնկալում դրական հետևանք: Պարտադիր բնույթը խախտում է երիտասարդների իրավունքները, և երիտասարդների նախաձեռնությունը շատ ողջունելի է: Կուտակայինը մեծապես խախտում է մարդու իրավունքները: Կառավարությունը երևի թե հաշվի է առել կարևոր հանգամանքները, թե ի՞նչն է նրանց ստիպել գնալ այդ քայլին, հայտնի է միայն նրանց»,- ասաց Գալստյանը: