Վահան Թասլակյանը 55 երկար ու ձիգ տարիներ աշխատել է որպես ծեփագործ: Նա սիրով ու կարոտով է հիշում այդ տարիները. «Սիրով էի կատարում իմ աշխատանքը, այն իր մեջ ե՛ւ հոգի, ե՛ւ կյանք էր ամփոփում: Դա զուտ աշխատանք չէր, անգամ շատ հոգնած ժամանակ զբաղվելով ծեփագործությամբ` հանգստանում էի, լիցքաթափվում»:
Այսօր ծեփագործ Վահան Թասլակյանը 83 տարեկան է եւ ապրում է միայնակ` Սեբաստիայի 16փ., 62/1 հասցեում: Կինը վախճանվել է 3 տարի առաջ, զավակներ էլ չունի:
Չնայած նրան, որ Վահան պապն ունեցել է 55 տարվա աշխատանքային ստաժ, թոշակի անցնելիս տեղեկացվել է, որ իր աշխատանքային գրքույկը կորել է, ինչի պատճառով 55 տարի նշել չեն կարող: Արդյունքում Վահան Թասլակյանի թոշակի չափը կազմվել է «աչքաչափով»` մոտ 31000 դրամ: Ինչպես թոշակառուն է ասում, եթե այն բաժանենք օրերի, կստացվի օրը 1000 դրամ: «1000 դրամով ի՞նչ պիտի առնեմ, մի կտոր պանիր ու հաց, երբեմն-երբեմն էլ մի փոքր երշիկ»: Ինչպես հասկացաք, այս պայմաններում ավելորդ է անգամ խոսել առողջ սննդի մասին, այդ իսկ պատճառով փորձեցինք հետաքրքրվել, թե 83-ամյա թոշակառուն առողջական ինչ խնդիրներ ունի եւ ինչպես է հոգում դրանք: «Փառք Աստծո, առողջական լուրջ խնդիրներ չունեմ: Բայց ժամանակ առ ժամանակ գնում եմ գլխացավի, ճնշման դեղեր, էդ դեղերն էնքան թանկուկրակ են, հետն էլ օգուտ չեն տալիս»,-ասաց Վահան պապը: Իրավիճակն ավելի է վատանում ձմռանը, երբ մի կտոր հաց ու պանրից բացի, անհրաժեշտ է նաեւ փոքր-ինչ տաքություն: Ինչպե՞ս է փորձում տաքացնել իր բնակարանը միայնակ թոշակառուն. «Հազիվ կարողանում եմ մի բաժակ ջրի, մեկել էլ գլխավերեւումս միացրած մի ճրագի վարձ տալ, ուր մնաց գազ վառեի: Ցերեկները տանից դուրս եմ գալիս, արկղեր, երբեմն չոր ճղներ, ինչ պատահում է, հավաքում եմ, բերում տուն, երեկոյան մի փոքր կրակ եմ անում, տաքանում: Կան խանութներ, որոնք արկղերը խնամքով դնում են մի կողմ, ես էլ վերցնում եմ, բերում, վառում»:
Կյանքի 55 տարիները սիրով ու եռանդով աշխատանքին նվիրած ազնիվ թոշակառուն այսօր ստիպված է ապրել ծայրահեղ աղքատության մեջ` գրեթե թափառաշրջիկի պես: Եւ ամենասարսափելին այն է, որ Վահան պապի նման աղքատ ու մոռացված տասնյակ հազարավոր թոշակառուներ կան:
ՏԱՔԱՆՈՒՄ Է` ԱՐԿՂԵՐ ՎԱՌԵԼՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԻՆԵ ԲԱԲԱՅԱՆ