«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՕԵԿ-ականները երեկ բավականին ակտիվ կերպով շրջանառության մեջ էին դրել տեղեկություններ այն մասին, թե Սերժ Սարգսյանը մտադիր է վարչապետ նշանակել Արթուր Բաղդասարյանին: Ավելին՝ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն էլ հարցազրույց էր տվել news.am-ին՝ ասելով. «Մենք գտնում ենք, որ ապագա վարչապետը պետք է լինի քաղաքական գործիչ, կիրթ, գրագետ անհատականություն… Ապագա վարչապետը պետք է լինի երկրի նախագահի զինակիցը, որովհետեւ կարող է հաջողել միայն այն վարչապետը, ով ունի նախագահի աջակցությունը… Բնականաբար, որպես ՕԵԿ խմբակցության ղեկավար, չթերագնահատելով որեւէ մեկին` ես վարչապետի պաշտոնում տեսնում եմ մեր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին»: Այս խոսքերը Հեղինե Բիշարյանն ասել է նաեւ Սերժ Սարգսյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ:
Ուշագրավն այն է, որ այս օրերին որպես վարչապետի ամենահավանական թեկնածու, նշվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը, եւ ՕԵԿ-ն այս պահվածքով, ըստ էության, խախտում է քաղաքական կոռեկտությունը՝ մոռանալով, որ ընտրություններում 5 տոկոս շեմը հաղթահարեցին ՀՀԿ-ի եւ նրա շտաբի պետ Հ. Աբրահամյանի շնորհիվ: Հիմա Բիշարյանն անուղղակի կերպով ցեխ է շպրտում նաեւ Աբրահամյանի վրա՝ նրան ներկայացնելով որպես անկիրթ, անգրագետ, նախագահին ոչ հավատարիմ մարդ:
Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, ապա վարչապետի պաշտոնը նրա համար եւս, ինչպես երազախաբ եղած Հովիկ Աբրահամյանի դեպքում, մշտապես եղել է բաղձալի երազանքներից մեկը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։