«Դաուն թաու» շինարարական ընկերության կողմից խաբված Կոնդ թաղամասի բնակիչները շարունակում են պահանջել իրենց հասանելիք բնակարանները: Յոթ տարի առաջ Կոնդում գտնվող նրանց տները քանդել են` խոստանալով փոխարենը բնակարաններ հատկացնել «Դվին» հյուրանոցի տարածքում կառուցվող շենքում: Այդ շենքը, սակայն, մինչ օրս կառուցված չէ: Անելանելի վիճակում հայտնված կոնդեցիները չգիտեն, թե ումից պահանջեն իրենց բնակարանները:
Հիշեցնենք, որ 2006 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ` Կոնդ թաղամասը ճանաչվեց հանրային` բացառիկ գերակա շահի ենթակա տարածք, որը կառուցապատման նպատակով ձեռք բերեց «Դաուն թաուն Երևան» ՓԲԸ-ն: Վերջինս պարտավորվել էր իրացնել թաղամասի 175.769 քմ տարածքը: Ընկերությունը 2007 թվականին 200 պայմանագիր էր կնքել բնակիչների հետ, որոնց համաձայն՝ կոնդեցիները պետք է ունենային համապատասխան մակերեսով բնակարաններ:
Մոտ 7 տարի առաջ իրացման գոտի ճանաչված թաղամասի տների մի մասը քանդվեց այն խոստումով, որ «Դաուն թաուն» ընկերությունը նույն վայրում կոնդեցիների համար նոր շենք պետք է կառուցեր: Արդյունքում թաղամասի 220 ընտանիք ` շուրջ 1000 մարդ, հայտնվեց փողոցում: Այժմ նրանց մի մասը մահացել է, մի մասն էլ հուսահատությունից լքել է երկիրը և բնակություն հաստատել այլ երկրներում: Իսկ նրանք, ովքեր մնացել են Երևանում, ապրում են վարձով բնակարաններում:
«Մենք մոտ տասն անգամ հանդիպել ենք երկրի նախագահին, ով հայտարարել է, թե անձամբ է զբաղվելու մեր հարցով: Բայց մինչև հիմա դրական տեղաշարժ չկա: Մենք էլ անհանգստացած ենք, քանի որ բնակարանների համար նախատեսված պայմանագրերի ժամկետը վաղուց անցել է և նորը չունենք»,- տեղեկացրեց Կոնդի բնակիչ Իռա Նազինյանը` նշելով, որ այս պահին գործով զբաղվում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը: Վերջինս դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին կոնդեցիներին խոստացել էր, որ 2014-ի մարտին իրենց կառաջարկվեն տարբերակներ:
«Վերջերս հանդիպեցի Հովսեփյանին և հետաքրքրվեցի, թե մեր գործն ինչ փուլում է: Ինքն էլ ասաց, որ այս գործն անձամբ նախագահն է հսկում: Արի ու տես, որ մարտ ամիսն ավարտվում է, բայց մինչև հիմա դեռ ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել: Այս պահին հասկանալի է մեզ համար, թե ինչու առաջ չի գնում մեր գործը: Բանն այն է, որ կառուցապատող կազմակերպություն չկա: Սա մեծ գումարների հարց է, ներդնողը պետք է գումար ներդնի և ունենա շահույթ: Այս պարագայում, սակայն, նա շահույթ չի ստանա: Դրա համար որևէ մեկը չի համաձայնվում հանձն առնել շենքի կառուցումը»,- բացատրեց տիկին Իռան:
Կոնդի մեկ այլ բնակիչ` Օֆելյա Ավետյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համար կառուցվող, բայց կիսատ մնացած շենքի ամրանները տևական ժամանակ օդում մնալուց արդեն կոռոզիայի են նթարկվել:
Տիկին Օֆելյան ցավով նկատեց, որ տունը կորցրած կոնդեցիներից ավելի քան 60 մարդ վերջին երկու տարում մահացել է: «Մարդիկ իրենց կերակրողին կորցրել են, կան ընտանիքներ, որոնց երեխաները Ռուսաստանում մնացել են փողոցներում: Աշխատանք չունենալու պատճառով գաղթեցին Ռուսաստան, այնտեղ էլ ընտանիքի հայրը մահացավ, իսկ երեք երխաներն ու կինը մնացին փողոցում: Մեկ ուրիշ ընտանիք. 90-ամյա տղամարդը կորցրեց կնոջը, հետո որդուն: Հիմա մի անկյուն է գտել, վարձով ապրում է: Արտագաղթած ընտանիքներ էլ կան: Կան մարդիկ, ովքեր վիրահատվել են ու շատ վատ վիճակում են հիմա, բայց վարձով են ապրում7,- հուզված ձայնով պատմեց տիկին Օֆելյան:
Իսկ Իռա Նազինյանի ընտանիքը շուտով արդեն չորրորդ անգամ ստիպված կլինի փոխել վարձով բնակարանը: «Մի տարով են պայմանագիր կապում: Ի±նչ անենք: Արի ու տես, որ սեփական երկրում մեզ դարձրել են գաղթական, իսկ մեր պապական տները` Կոնդը, վերածվել է աղբանոցի»:
Եվ չնայած այդ ամենին` Կոնդի բնակիչ Օֆելյա Ավետյանը լավատեսորեն է տրամադրված. «Ուրախ չէ մեր կյանքը, ուրախ մեր խասյաթն է: Բնավորությամբ ենք հաղթահարում: Եթե դուք հիմա ինձ հյուր գաք, ես հարուստի նման կհյուրասիրեմ, հարազատս… մենք ունենք այդ ճոխ հոգին»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ