Նախագահական նստավայրի դիմաց երեկ առավոտից անժամկետ նստացույց անող Թադևոսյանների ընտանիքը այսօր վերադարձել է Հրազդան, որտեղ վարձով են ապրում:
Ընտանիքի հայրը` Հակոբ Թադևոսյանը, Արցախյան ազատամարտի մասնակից է, ունի հաշմանդամության կարգ, իսկ ընտանիքն անապահով վիճակում է:
Armlur.am-ի հետ զրույցում նրա կինը` Անահիտ Բաղմանյանը տեղեկացրեց, որ երեկ նախագահի աշխատակազմից զանգել էին Հրազդանի քաղաքապետարան, որտեղից էլ իրենց տուն տանելու համար ուղարկել էին քաղաքապետի տեղակալին` Գեղամ Տիգրանյանին. «Եկան, տարան տուն, որ աղմուկ չբարձրանա` այն պայմանով, որ ամուսինս հանդիպի Սեյրան Օհանյանին, տեսնեն ինչո՞ւ է թղթերի մեջ խաբեություն: Եթե մեզ չլսեն, նորից նստելու ենք նախագահականի դիմաց»:
Տիկին Անահիտն ասաց, որ իրենք երկար տարիներ բնակվում են վարձով, տասից ավելի տուն են փոխել, չորս երեխա ունի, չորսն էլ տարբեր տներում են ծնվել. «Մեր թղթերում չեն գրում անօթևան բառը, գրում են «բարելավում», ինչը նշանակում է, որ տուն ունենք և վերանորոգում ենք ցանկանում»:
Թադևոսյանների ընտանիքի հիմնական եկամուտը կազմում է ամուսնու թոշակը ՝ 17 հազար դրամ:
2006 թվականից Հակոբ Թադևոսյանը հերթագրվել է պաշտպանության նախարարությունում` բնակարան ստանալու համար, սակայն առ այսօր որևէ պատասխան չի ստացել. «Մի անգամ իմ փաստաթղթերը կերան, ասացին` զոհվածներին վերջացնենք, հետո կանդրադառնանք ձեզ, ո՞նց, ես էսօր կամ, վաղը չկամ, ուրեմն ես կենդանի դիակ դառնա՞մ, խալխի տնից ինձ թաղե՞ն, ես կիսամարդ դարձած, ու՞մ համար եմ պայքարել, Աստված չանի, պատերազմ լինի, էլի եմ գնալու: Չորս երեխա ունեմ, չիմանա՞մ, որ տանիք ունեն, երկու տղա երեխա ունեմ, բանակում պիտի ծառայեն»:
Խոսելով քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպումից, Հակոբ Թադևոսյանն ասաց, որ վաղն առավոտյան հանդիպելու է Հարազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին. «Ես իմ որոշումը չեմ փոխել, եթե վարձով բնակարան պիտի տան, չեմ ուզում, 20 տարի է` արդեն անօթևանի կարգավիճակում եմ, տուն չմնաց, որ տեղափոխվեմ: Ես պետք է հանդիպեմ պաշտպանության նախարարին»: